Մատչելիության հղումներ

Կենտրոնական բանկի քարտուղար․ Թղթադրամների վերջնական տեսքը էապես տարբերվելու է էսքիզներից


Կենտրոնական բանկի ներկայացրած նոր թղթադրամի էսքիզները բուռն քննարկում են առաջ բերել՝ թե՛ դրանց վրա պատկերված հայ նշանավոր գործիչների ընտրության և թե՛ արտաքին տեսքի հետ կապված:

Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասում է, որ մրցույթի 17 մասնակիցներից ընտրել են երեքին, ովքեր միասնական տարբերակ են ներկայացրել:

Նահապետյանի խոսքով՝ իրենք քննադատությանը տեղյակ են, սակայն չեն ընդունում․ - «Կա մասնագիտական քննադատություն և ոչ մասնագիտական քննադատություն: Մենք հարգում ենք, իհարկե, քննադատությունը, բայց չենք կարող ընդունել, որովհետև մենք գործ ունենք թղթադրամի հետ: Ոչ թե ինչ-որ գեղարվեստական պատկերի մասին է խոսքը, այլ թղթադրամի, որն ունենալու է, բացի ամեն հատկանիշից, պաշտպանական հատկանիշներ՝ ջրանիշ, այլ, որոնք, ի դեպ, մենք ներկայացրել են համապատասախան բուկլետներում, և թղթադրամի վերջնական տեսքը պայմանավորված է նաև այդ պահանջներով: Իսկ դիզայնի հետ կապված ես մանրամասն ներկայացրեցի, որ այն, ինչ որ մենք ցուցադրել ենք երեկ, և այն, ինչ որ մենք այսօր տեսանք՝ էսքիզները, և այն, ինչ որ քննարկում է մեր հանրությունն այսօր․․․ վերջնական տեսքը թղթադրամի էապես տարբերվելու է»:

Այժմ շրջանառության մեջ գտնվող թղթադրամների հեղինակ ՝ նկարիչ Աշոտ Մանուկյանը, ով նաև նկարիչ Հրաչյա Ասլանյանի հետ ստեղծել է 90-ականներին շրջանառության մեջ եղած առաջին հայկական թղթադրամները, ասում է, որ այս անգամ էլ է մասնակցել մրցույթին և հիասթափված է դրա արդյունքներից․ - «Կարծում էի, թե պրոֆեսիոնալ ինչ-որ լուրջ առաջարկ է անցել, բայց, իմ կարծիքով, բավականին դիլետանտսկի, ինձ թվում ա, ոչ դիզայների կողմից արված տարբերակներ: Ոչ գրագետ արված տարբերակներ են: Կարծում եմ, եթե ավելի անաչառ մոտեցում լիներ էդ ամեն ինչին, երևի թե ավելի լավ տարբերակներ, առաջարկներ կլինեին»:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը նոր թղթադրամներ ունենալու անհրաժեշտության հարցն է կասկածի տակ դնում՝ նկատելով, որ աշխարհն արդեն գնում է էլեկտրոնային ու թվային տնտեսություն վարելու ուղղությամբ և մտածում էլեկտրոնային փողերի շրջանառության մասին, իսկ Հայաստանում դեռ քննարկման թեման թղթադրամների տեսքն է․ - «Ռուսաստանը արդեն իսկ քննարկում է ռուսական կրիպտով արժույթների ներդրման հավանականության մասին: Այսինքն, եթե մենք խոսում ենք թվային տեխնոլոգիաների, թվային տնտեսության կառուցման մասին, առնվազն սա հարց է, որ մենք պետք է հասկանանք՚ մեզ արդյո՞ք անհրաժեշտ է այդ հավելյալ ծախսերը կրել նոր նմուշի թղթադրամներ արտադրելու, թե՞ ավելի լավ է, օրինակ, որոշակիորեն դիտարկել էլեկտրոնային փողերի ներդրման ռազմավարությունը»:

Բացի այդ, ըստ Մանուկյանի, 2018 թվականը Հայաստանի տնտեսության համար բավական լարված տարի է լինելու, կանխատեսվում է գնաճ՝ մաքսատուրքերի փոփոխության պատճառով: Սկսելու է գործել նաև նոր Հարկային օրենսգիրքը, և նոր թղթադրամների ներմուծումը հնարավոր է՝ զուգակցվի որոշ առումով ինֆլյացիոն երևույթներով․ - «Հասկանալի է, որ նման կարգի էմիսիոն շրջանառության փոփոխությունները նաև որպես կանոն զուգակցվում են որոշակիորեն տվյալ երկրի արժույթի արժեզրկման հետ: Դա փորձ է ցույց տալիս»:

Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարը սակայն ինֆլյացիան հավանական չի համարում․ - «Մենք փող չենք փոխում, մենք ընդամենը ներմուծում ենք նոր շարքի թղթադրամներ: Անվանական արժեքները չեն փոխվում, և տնտեսագիտական առումով որևէ փոփոխություններ դրամաշրջանառությունում կամ դրամի զանգվածում կամ դրամի բազայում տեղի չի ունենում: Ու դա չի կարող գնաճային որևէ ճնշում գործադրել»:

Հայկական երրորդ սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականի աշնանը՝ հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ: Մոր՝ 2000 դրամանոց թղթադրամը շրջանառության մեջ կդրվի ավելի վաղ՝ հնարավոր է արդեն ամռանը՝ կապված մեծ պահանջարկի հետ:

Մայրաքաղաքի փողոցներում «Ազատության» անցկացրած փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ միանշանակ կողմ և դեմ կարծիքներ չկան:

Իսկ միջին տարիքի մի կին ասաց․ - «Ընդհանրապես մեր հանրապետությունում գլխավոր խնդիրները թողած ընկնում են երկրորդական, երրորդական խնդիների հետևից․․․ Նենց բաների մասին են խոսում, որ էտի ժողովրդի հեչ սկի պետքը չի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG