Այսօր Երևանի ժամանակով ժամը 22-ին մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը:
Հեռուստամարաթոնը, որն ամեն տարի իրականացվում է Լոս Անջելեսում, հանրագումարի է բերում տարվա ընթացքում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում իրականացված ծրագրերը: Հենց դրա միջոցով են գոյանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հիմնական միջոցները, որոնք յուրաքանչյուր տարի ուղղվում են հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատված խոշորածավալ ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
Այս տարի «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո անցկացվող հեռուստամարաթոնի ամբողջ հասույթը կտրամադրվի Լեռնային Ղարաբաղում խորքային հորերի հորատման, ոռոգման նոր ցանցի կառուցման և արևային էներգիայի համակարգի ներդրման նախագծերի իրականացմանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ մարաթոնին կարելի է հետևել Հանրային, «Արմենիա», «Երկիր մեդիա», «Շանթ» հեռուստաալիքներով: