Նոյեմբերի 22-ին վաղ առավոտից Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ երկրի ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։
ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում նաև նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ նաև ցերեկը: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-26-ը աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: Նոյեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: