«Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ պետք է շարունակել բանակցությունները, և Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով», - այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը։
«Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ո՛չ նախարարների, ո՛չ նախագահների մակարդակով։ Գալիք դեկտեմբերին այդպիսի բան չի քննարկվում», - ասաց Նալբանդյանը։
Լավրովն իր հերթին ասաց, որ չափազանց լավատեսություն չի արտահայտի խնդրի կարգավորման հարցում։
«Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Տարրերն ամփոփած են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք սկսած 2007 թվականից, 2009, 2011 թվականներից հանձնվել են ԵԱՀԿ-ի ընդհանուր քարտուղարին, այդպիսով դրանք ամրագրված են որպես համանախագահողների առաջարկներ, դրանք ամբողջությամբ մնում են դեռևս սեղանի վրա, և միակ բանը, որ կուզեի ընդգծել, ինչպես ասացի Բաքվում, այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մեկ, երկու կամ երեքը դրանցից և ասել, որ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք, որովհետև հավասարակշռող դրանց տարրերն այդ դեպքում դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս նկատի ունենք։ Պիտանի է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դրական խոսեցին ժնևյան հանդիպման մասին, շատ կարևոր է, որպեսզի այդ դրական վերաբերմունքն օգնի մեզ առաջ գնալ ըստ էության։ Համանախագահները դրանով զբաղվում են։ Մենք, Վաշինգտոնը, Փարիզը կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու», - ասաց Լավրովը՝ շարունակելով. - «Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»։