Մատչելիության հղումներ

Մշակվող Save kids ծրագիրը ծնողներին հնարավորություն կտա համացանցում վերահսկել իրենց զավակներին


Հայաստանի մարզերում և Երևանում բնակվող 1200 երեխայի շրջանում արված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ նրանց մոտ 50 տոկոսը չգիտի ում դիմել, եթե բռնության է ենթարկվում։

Իսկ այն, որ ընտանիքում, դպրոցում ու շրջապատում բռնության տարբեր տեսակները տարածված են, փաստում են երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները։

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության մասնագետ Աիդա Մուրադյանն ասում է, որ հետազոտության հատկապես այս կետն է իրենց մտահոգել, քանի որ ծնողների 40 տոկոսը խոստովանել է, որ ծեծը կիրառում է որպես դաստիարակության միջոց:

«Այդ ծնողների 67 տոկոսը գտնում են, որ դա էֆեկտիվ մեթոդ չէ, բայց նրանք ասում են, որ իրենք պարզապես չգիտեն, թե ուրիշ ինչ կարելի է անել էն դեպքում, երբ որ երեխան չի ենթարկվում: Այստեղ ակնհայտ է դառնում, որ մենք ունենք ծնողական հմտություններ մեր ծնողներին փոխանցելու խնդիր», - ասաց երեխաների պաշտպանության մասնագետ Աիդա Մուրադյանը:

«Երեխաների կարծիքով» հետազոտության կողքին կա ավելի մեծ ու ավելի մտահոգիչ թվերով մեկ այլ ուսումնասիրություն։ Աիդա Մուրադյանն ներկայացնում է 10 հազար ընտանիքների շրջանում արված հարցումները, որոնք վկայում են, որ երեխաների 70 տոկոսը ծնողի կողմից ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական, իսկ 40 տոկոսը՝ զուտ ֆիզիկական բռնության։ Դաստիարակման ավանդական մեթոդները, ըստ նրա, բնորոշ են հատկապես մարզերին, իսկ ահա տեսածը կրկնօրինակելու հարցում աչքի են ընկնում մայրաքաղաքի դպրոցականները․ - «Հասակակիցների միջև, հատկապես 13-15 տղաների 52 տոկոսը վերջին մեկ ամսվա ընթացքում ֆիզիկական կռվի մեջ է ներգրավված լինում դպրոցներում: Այսինքն, մեր երեխաները այսօր սա տեսնում են որպես կոնֆլիկտային իրավիճակը լուծելու մեթոդ»:

Հարցում կատարելով 18-ից ցածր տարիքի քաղաքացիների շրջանում՝ հետազոտության հեղինակները ևս մեկ անհանգստացնող խնդիր են գտնել։ Հարցվածների 92 տոկոսը օրական նվազագույնը 2 ժամ ացկացնում է համացանցում, իսկ 1200-ի 13 տոկոսը խոստովանել է, որ չափահաս անձը փորձել է առցանց կապ հաստատել իր հետ և զրույցել է ինտիմ թեմաներից։

«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանի համոզմամբ՝ սա անհանգստացնող պետք է լինի ծնողների համար, քանի որ այդ թիվ իրականում ավելի մեծ է․ - «Հիմնականում ծնողներին չեն ասում: Հիմնականում դա կա՛մ ամաչելու խնդիր է, կա՛մ վախենալու խնդիր է, որովհետև մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, հաճախ մեղադրում են բռնության զոհին՝ անկախ նրանից, թե ինչ բարդության բռնություն է կիրառվում»:

Համացանցով ինտիմ բնույթի թեմաներից խոսելու առաջարկ հավասարապես ստանում են և՛ անչափահաս աղջիկները, և։ տղաները։ Այս ցուցանիշով Հայաստանը հետ է Շվեդիայից, բայց առաջ է Մոնղոլիայից և Կոսովոյից։

Նման հետազոտություն «Սեյվ դը չիլդրեն»-ը հենց այս չորս երկրներում է արել: Մասնագետներն ասում են, որ թեև երեխաների 80-ից ավելի տոկոսը կարծում է, թե գիտի ինչպես անվտանգ օգտնվել ինտերնետից, սակայն քչերն են իրականում տիրապետում է այդ գիտելիքներին․ - «Նույնիսկ էն, որ իրանց թվում ա, որ պաշտպանված են առցանց՝ էդքան մեծ տոկոսով, դա էլ ա վախեցնում․․․ Իրենք թվում է, թե գիտեն ինչպես ճիշտ վարվել, ինչը բացել, ինչը չբացել: Բայց իրականում դա մեծ խնդիր է»:

Որպեսզի համացանցն անվտանգ լինի, իսկ ծնողը հանգիստ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Կրթության ու գիտության նախարարության և համակարգչային հակավիրուսային ծրագրեր մշակող «Կասպերսկի» ընկերության հետ համատեղ մշակում են նոր Save kids ծրագիրը։

Օմբուդսմեն Արման Թաթոյանի խոսքով, այն թույլ կտա ծնողին ամբողջությամբ վերահսկել իր երեխայի ամեն շարժն ու քայլը համացանցում․ - «Էնպիսի մեխանիզմ է, որը ծնողին հնարավորություն է տալիս հստակ նշել այդ օրվա երեխայի ուղին, և խախտումների կամ խնդիրների դեպքում անընդհատ հետևել դրան»:

Այս ծրագիրի մաս կլինեն նաև ծնողները, որոնց ևս կսովորեցնեն ճիշտ օգտվել համացանցից, հետևաբար՝ կառավարել սեփական երեխայի վիրտուալ տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG