Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, մեկ անձ ձերբակալվել է։
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանային անցակետում Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից ստուգման նպատակով կանգնեցվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը վիճաբանել է ՍԶ ծառայողների հետ։ Վիճաբանությանը միացել է մեկ այլ քաղաքացի և իր մոտ գտնվող դանակով հարվածել ծառայողական պարտականությունները կատարող սահմանապահ զորքերի ծառայողին։
Դեպքի առթիվ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ ԱԱԾ ծառայողը ճանաչվել է տուժող, ով բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
«Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, վիճաբանությանը մասնակցած քաղաքացիների ինքնությունը, ովքեր Տավուշի մարզի բնակիչներ են։ Մեկ անձ ձերբակալվել է, մյուսին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ,կատարվել զննություններ, առգրավումներ: Ավտոմեքենայի մեջ մաքսանենգ ապրանք չի հայտնաբերվել։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: