«Դիվանագիտությունն ի վիճակի է գտնել այնպիսի մոտեցումներ, որոնք ընդունելի կլինեն հակամարտության բոլոր կողմերի համար», - Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով․ - «Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերի, միջոցների, պայմանավորվածությունների փաթեթը բանակցային սեղանին է: Այն բանակցային սեղանին է դեռևս 1997 թվականից: Սեղանին են նաև 2011 թվականի փաստաթղթերը (Կազանյան փաստաթղթերը)»:
«Ղարաբաղյան համակարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ», - հայտարարել է Լավրովը: - «Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ: Առավել ևս՝ որ այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է արդյուքն արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են»:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման հարց չի քննարկվում՝ շեշտելով․ - «Այն բոլոր պետությունները, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը, Մինսկի խմբում ներկայացված են»:
Լավրովին Երևան ճանապարհելիս Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ներկայացրել է նախօրեին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մանրամասները․ - «Ես ունեցել եմ առարկայական բանակցություններ համանախագահների հետ: Մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր, որոնք այսօր պետք է լուծել Երևան մեկնելուց առաջ: Ես Լավրովին այդ լուծումների մի քանի տարբերակ եմ ներկայացրել»:
Մինչև ադրբեջանցի իր գործընկերոջ հետ բանակցությունները Լավրովը հանդիպում էր ունեցել Բաքվի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ՝ անելով մի շարք ուշագրավ հայտարարություններ:
Նա, մասնավորապես, ասել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը չի տուժել ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնությունների պատճառով:
Լավրովն ասել է նաև, որ Մոսկվան ԼՂ խնդրի կարգավորման հարցում նույն դիրքորոշումն ունի, ինչ Վաշինգտոնն ու Փարիզը։
«Համանախագահները հանդիպում են նախարարների հետ, պարբերաբար այցելում են տարածաշրջան։ Հուսով եմ, որ նախագահների անցած ամիս կայացած հանդիպումը կնպաստի առաջխաղացմանը հակամարտության կարգավորման հարցում», - Բաքվի դիվանագիտական ակադեմիայում նշել է Լավրովը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հիշեցնենք, հանդիպել էին հոկտեմբերին Ժնևում:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է․ - «Եթե Ադրբեջանը անդամակցի ԵԱՏՄ-ին, Ռուսաստանը ուրախ կլինի: Սակայն Մոսկվան որևէ երկրի չի պարտադրում անդամակցել այդ միությանը»:
Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Բաքու է ժամանել երեկ:
«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շահագրգռված է խնդրի հանգուցալուծումը գտնելուն և առաջխաղացում ապահովելուն ուղղված ջանքերի գործադրման մեջ։ Մենք ձեզ հետ համաձայն ենք՝ պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - երեկ երեկոյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Ալիև - Լավրով հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Սակայն բանակցությունների մեկնարկին Ալիևը, բացի ավանդական բարեկամական հարաբերությունների մասին հայտարարություններից, ասել է, թե Ադրբեջանը չափազանց շահագրգռված է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման հարցում:
Այսօր ՌԴ արտգործնախարարը ժամանում է Երևան: