Մատչելիության հղումներ

«Գրողը պիտի ինչ-որ տեղ նաև մահապարտ պիտի լինի»․ Դավիթ Սարգսյան


Օրերս Գրողների միությունում նշվում էր արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը: Մինչ հանդիսության սկիզբը «Ազատությանը» տված հարցազրույցում ավելի քան 8 ժողովածուների հեղինակը շեշտում էր․ - «Թեև 60-ամյակ է, թեև գրական գործունեության գրեթե 40 տարի, բայց ամփոփելիս իմ մեջ կա անբավարարություն: Շատ կուզեի ավելին արած լինել, թեև էն, ինչ որ արել եմ՝ իմ խղճի առջև շատ հանգիստ եմ, ինչ էլ արել եմ՝ արել եմ ուժերիս ներածի չափով՝ գրականության համար, որպեսզի մարդուն դժվար վիճակներում օգտակար լինի գրականությունը, այսինքն՝ հույսի, հավատի, սիրո էդ կանթեղը չմարի, ուժով լցվի, հավատա իր ուժերին: Մանավանդ մեր ժամանակներում, երբ, գիտեք, ամենատարբեր փորձությունների է ենթարկվում մարդը»:

«Ես կուզենայի, որ գրականությունն էդ դերը խաղար, ես կուզենայի, որ գրողի խոսքը արժևորվեր: Սա կախված է և՛ գրողից, և՛ հասարակությունից: Չեմ կարծում, թե եթե լավ գրական արժեքներ են մատուցվում հասարակությանը, հասարակությունը մերժի դրանք: Պարզապես պետք է ժողովրդի հետ լինի գրողը, պիտի ժողովուրդը հավատա իր գրողին, որովհետև գրողը ուսուցիչ է՝ գրականությամբ, գեղարվեստական գրականությամբ պիտի կարողանա դաստիարակել մարդուն, քաղաքացուն, հասարակությունը, որ մարդը երբեք չընկճվի», - շեշտեց Դավիթ Սարգսյանը:

Նա համաձայն չէ այն տեսակետին, թե գրողը պիտի գրի միայն գրելու համար, իր արվեստը պիտի ներկայացնի․ - «Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ: Կա այդ տեսությունը, դա նոր բան չի՝ «մշակույթը՝ մշակույթի համար», «արվեստը՝ արվեստի համար», և այլն: Ես դեմ եմ եղել ինքնանպատակ մշակույթին, ես կողմնակից եմ, որպեսզի գրականության և ժողովրդի միջև անմիջական կապը անընդհատ լինի, այսինքն՝ գրողի ձեռքը, ինչպես ընդունված է ասել, պիտի լինի ժողովրդի զարկերակի վրա»:

«Գրականությունը պիտի կարողանա մարդուն անընդհատ շարժման մեջ պահել, որպեսզի նա ձգտի դեպի գեղեցիկը, դեպի կատարյալը, տեսի էդ ամենը», - ասաց գրողը:

Հարցին՝ «կարո՞ղ ենք հասարակությանը, հանրությանը, մեր ժողովրդին այնքան էլ չմեղադրել այլևս, որ ընթերցասեր չեն, մի բան, որ անում են աջուձախ բոլոր գրողները, արդեն 25 տարի է՝ անկախությունից հետո, ասում են՝ ժողովուրդը կորցրել է ընթերցասիրությունը», Դավիթ Սարգսյանը արձագանքեց․ - «Մեր ժողովուրդը ավելի գրքի խորան է սիրել, քան՝ ընթերցել: Այս խնդիրը անընդհատ ակնառու է եղել մեր մեջ: Բայց ընթերցասիրության հետ կապված, ընթերցանության հետ կապված՝ չի կարելի միանշանակ մի դեղատոմս առաջարկել, ընթերցանությունը բազմաթիվ բաղադրիչներ ունի, որ ժողովուրդը կարդա, դրանցից մեկը ընթերցող, գրագետ մարդու՝ հասարակության մեջ դիրքի հարգանքն է և արժևորումը: Երբ տեսնում է մարդը, երիտասարդը՝ դեռ չձևավորված կամ ձևավորման տարիքում, տեսնում է, որ մի զոռբա, տգետ, ավելի հաջողակ է կյանքում, քան իր, ասենք, պրոֆեսոր, կամ դոկտոր, կամ, չգիտեմ, մտավորական, տքնանքով, էսպես, տքնանքով, ճգնավորի կյանքով ապրող գիտնականը, կամ ստեղծագործողը, և այլն, բնականաբար՝ նա ձգտում է չընթերցողի տեսակին: Այսինքն՝ սա մի շարք կոմպոնենտներ են, բաղադրիչներ, որոնցով պայմանավորված է ընթերցանությունը»:

«Իսկ ո՞վ է ասում, թե կա մի ժողովուրդ, որը չի կարդում, կա մի ժողովուրդ, որը կարդում է՝ չկա՛ էդպիսի բան, չկա՛, պարզապես պետք է էդ միջավայրը ստեղծել, որտեղ մարդը կարողանա ինքն իրեն դրսևորել», - ընդգծեց գրողը:

Հարցին էլ՝ ինչպիսի՞ն կկամենար Հայաստանը տեսնել 20 տարի անց, նա պատասխանեց․ - «20 տարի անց ես կուզենայի տեսնեի Հայաստանի քաղաքացուն հպարտ, հաղթանակած և իր երազանքների ճանապարհին երբեք հետ չնայող: Որովհետև երազանքը չի ավարտվում, երազանքը անհասանելի է, բայց էդ ճանապարհը՝ դեպի երազանքի իրագործումը, դեպի կատարելությունը, դա հավերժական է, և պիտի էդ ճանապարհը անցնել և՛ հպարտ, և՛ ըմբոստ, և՛ սկզբունքային, և՛ անզիջում: Ի վերջո, էս կյանքը պայքար է՝ չարի և բարու միջև»:

«Գրողի և հասարակության միջև անջրպետը պիտի վերանա, գրողը պիտի ժողովրդի հետ լինի, գրողը ինչ-որ տեղ նաև մահապարտ պիտի լինի, այսինքն՝ եթե դու չես քննադատում, եթե դու ստորանում ես, էսպես ասած, հաճոյանում ես, դու այլև դադարում ես էն լինելուց, ինչ որ կոչված էիր: Դու պարտավոր ես քո ժողովրդի հետ լինել, և ժողովուրդը քեզ էդ ժամանակ կհարգի, քո խոսքը և խոսքը կարժևորվի էդ ժամանակ: Հիմա խոսք՝ գրավոր լինի, բանավոր լինի, նշանակություն չունի, որովհետև ժողովուրդը, քո ընթերցողը քեզ չի հավատում», - ասաց Դավիթ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG