Ժամանակակից գրողները այլևս չեն կարողանա օգտվել պետական աջակցությամբ կամ պետական պատվերով գրքեր հրատարակելու հնարավորությունից, որ ունեին սկսած 2001 թվականից:
Պետպատվերի՝ պետբյուջեից ստացվող գումարների շնորհիվ բազմաթիվ գրողներ տարիներ շարունակ գրքեր են տպագրել՝ համագործակցելով այս կամ այն հրատարակչության հետ: Հիմա փաստորեն այս հարցը պիտի այլ լուծում ստանա:
Ուշագրավ է, որ Մշակույթի նախարարության գրքի և գրահրատարակչական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրականագետ Արմեն Ավանեսյանն ու «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը տարբեր դիրքերից են դիտարկում խնդիրը՝ գալով հակադիր եզրահանգումների:
Արքմենիկ Նիկողոսյանի համոզմամբ՝ վերջին երկու տասնամյակում Հայաստանում ստեղծված մոտ 300 հրատարակչությունների մեծ մասն սեփական միջոցներից գրքեր չի տպել՝ ապավինելով միմիայն պետությունից ստացվող գումարներին:
Նրա խոսքով, իր ժամանակին պետպատվերը կամ պետական աջակցությունը ահռելի դեր է խաղացել մեր գրականության և գրահրատարակության զարգացման գործում, բայց հետագայում շատ լուրջ կոռուպցիոն ռիսկերի տեղիք է տվել․ - «2005-6 թվականներից սկսած դաշտում սկսեցին կատարվել անառողջ երևույթներ: Առաջինը, որ ուզում եմ շեշտել, հետևյալն է․ գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված էին պետաջակցության և պետպատվերի գրքերը որոշելու, դրանք ֆինանսավորելու գործում՝ ամենատարբեր չինովնիկներ, պաշտոնյաներ, շահագրգիռ անձինք, հանձնաժողովներում ընդգրկված անձինք, սկսեցին մեկը մյուսի հետևից հրատարակչություններ բացել, արդեն եղած հրատարակչություններից որոշները մտան այդ դաշտ և սկսեցին իրենց գործունեությունը ծավալել բացառապես պետական պատվերի և պետական աջակցության շրջանակում տրվող գումարների հիմքով: Այսինքն, Հայաստանում այդ շրջանում հրատարակչական դաշտը դադարեց ներդրում անել գրքի վրա: Հիմնականում կոպիտ ասած՝ նստած էին էդ փողերի վրա, պետական փողերի վրա, որը բացում էր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր: Հրատարակչություն ստեղծել, որպեսզի պետբյուջեի փողերը ուտես՝ կոպիտ ասած, սա է եղել վերջին տարիների պետաջակցության և պետպատվերի «նշանաբանը»»:
Սկսել է չարաշահվել պետական գումարների տնօրինումը, ինչի ապացույցը հենց գրողների կողմից բազմիցս հնչած բողոքներն են, որ 500 օրինակ տպաքանակով ֆինանսավորվող գրքի համար տրվող գումարի դիմաց ամբողջ տպաքանակը չի հրատարակվել:
«Շատ ճարպիկ հրատարակիչներ իրականում հրատարակում էին ոչ թե ամբողջ տպաքանակը, այլ էն մասը, որը պետք ա հատկացնեին պետությանը տված գումարի դիմաց, մի քանի օրինակ գիրք էլ տալիս էին հեղինակներին, և փաստորեն գիրքը շրջանառություն չէր ունենում: Հեղինակները տեղյակ չեն եղել, որովհետև իրենց ասեն են՝ գրքերը հանձնում ենք: Եվ բազմաթիվ հեղինակներ կային, որ գնում էին բիբկոլեկտոր, ուզում էին իրենց գրքերը, պարզվում էր, որ չկա․․․» - ասաց Նիկողոսյանը:
Արմեն Ավանեսյանի համոզմամբ՝ ոչ մի դեպքում չի կարելի գրողին զրկել պետական միջոցներով հրատարակվելու հնարավորությունից․ - «Դեմ եմ ընդհանրապես ժամանակակից գրողին չաջակցելուն: Որովհետև նույնը՝ եկեք ժամանակակից թատրոնին էլ չաջակցենք, եկեք ժամանակակից կինոյին էլ չաջակցենք․․․ Սա մտորելու առիթ է տալիս»:
Արքմենիկ Նիկողոսյանը համոզված է, որ հրատարակչությունների կողմից պետբյուջեի փողերով այդքան մեծ չափով գրքեր հրատարակելը չափազանց լուրջ ազդեցություն է ունեցել նաև հրատարակվող գրականության որակի վրա․ - «Պատռեգիստրում գրանցված հրատարակչությունների մի զգալի մասը, բացառապես օգտվելու պետական բյուջեի փողերով, հայաստանյան դաշտում ծավալում էր գործունեություն: Այսինքն՝ գրքի վրա մեկ կոպեկ անգամ ծախս չանելով հայտնվում էր նույն դաշտում և գրքեր էր վաճառում: Բնականաբար՝ էժան, էնքան որ իրանց փողերը հանեն կամ չհանեն»: