Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Հնարավոր է արդյունքների հասնել, եթե Ադրբեջանը աչալուրջ լինի եռանախագահների մոտեցումներին


Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան (ձ) և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում:
Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան (ձ) և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համատեղ մամուլի ասուլիսում:

Երևան ու Բաքու Ռուսաստանի արտգործնախարարի այցին ընդառաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարում է, որ ղարաբաղյան բանակցություններում հնարավոր է արդյունքների հասնել, եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի եռանախագահների մոտեցումներին:

Երևանում գտնվող Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրանի այսօր կայացած համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանին հարցրեցինք՝ առաջիկա օրերին սպասվող Սերգեյ Լավրովի տարածաշրջանային այցից հետո կայանալու է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հնարավո՞ր է Ռուսաստանի արտգործնախարարը ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկներ է բերում:

Նալբանդյանը պատասխանեց․ - «Ինչ վերաբերվում է ինչ-որ առաջարկների, գիտեք, հեծանիվ հնարելը այս կարգավորման գործընթացում դժվար է: Այս բոլոր տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց իրականության մեջ հենքը այս բանակցային գործընթացի նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եվ եթե Ադրբեջանը մի փոքր ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որը եռանախագահող երկրները միջազգային հանրության կողմից ներկայացնում են որպես հիմնախնդրի կարգավորում, ապա առավել հնարավորություններ կբացվեն այս գործընթացը առաջ տանել և արդյունքներ ունենալ»:

Նախորդ օրերն առանձնացան տարածաշրջանային դիվանագիտության ուշագրավ զարգացումներով: Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում մի քանի ժամ բանակցեցին՝ քննարկելով նաև ղարաբաղյան հարցը: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, Մոսկվա մեկնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ուր հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նոյեմբերի 15-ին Մոսկվայում էր նախագահ Սերժ Սարգսյանը, նրան հյուրընկալեց Ռուսաստանի նախագահը: Մեկ օր անց՝ նոյեմբերի 16-ին, Ռուսաստանի մայրաքաղաք մեկնեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ում հետ հանդիպումից հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում:

Եվ այս ամենի ֆոնին, ինչպես ասացինք, Երևան ու Բաքու է ժամանելու Լավրովը:

Նալբանդյանը ընդգծեց, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցը Երևան վերաբերելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանը․ - «Հարցերի շրջանակը շատ լայն է, որովհետև մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ, և դրանով արդեն շատ բան է ասված: Այսինքն դա բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը հարաբերություններ են, համագործակցություն է, և մենք ջանք չենք խնայում, որ այդ հարաբերությունները ամրապնդվեն և առավել զարգանան: Եվ դրան է ուղղված լինելու Լավրովի այցելությունը»:

Երեկ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին հայտնվել է փակուղում՝ ղարաբաղյան խնդրի պատճառով: «Ազատության» տեղեկություններով, փաստաթղթի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է՝ բացառությամբ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին առնչվող մասի:

Երկու տարի առաջ, կրկին ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով, հռչակագրի ընդունումը հայտնվել էր տապալման վտանգի տակ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չկարողանալով առաջ տանել Բաքվի նախընտրած ձևակերպումները, հրաժարվել էր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելուց:

Այս առնչությամբ Նալբանդյանն ասաց․ - «Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են: Ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել և նախորդ գագաթնաժողովների ժամանակ, նաև՝ Արևելյան գործընկերության: Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Ինչ վերաբերվում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա, տեսնենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG