Վրացական «Գրուզիա օնլայն»-ը հաղորդում է Ֆրանսիայում վրացիներից կազմված հանցավոր խմբի ձերբակալության մասին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ֆրանսիական հատուկ ծառայությունները կասկածյալներին հետևել են ավելի քան երկու տարի: Հետաքննությունն իրականացվել է Ֆրանսիայում Վրաստանի դեսպանության, Ինտերպոլի և Եվրոպոլի համագործակցությամբ: Արդյունքում իրավապահներին հաջողվել է ձերբակալել 35 հոգու, այդ թվում 8 կանանց՝ հիմնականում Վրաստանի քաղաքացիներ, ովքեր զբաղվել են «մարդկանց վաճառքով, դրամաշորթությամբ, գողությամբ»:
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է 70 հազար եվրո, մի քանի ատրճանակ և ավտոմեքենաներ:
Քննիչներին հաջողվել է բացահայտել փողերի լվացման մեխանիզմ, որը կասկածյալներն իրականացրել են շինարարական ընկերությունների միջոցով:
Հիշեցնենք՝ անցած սեպտեմբերին էլ, ինչպես հաղորդել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը, ազգությամբ վրացի մի քանի տասնյակ բնակարանային գողեր են ձերբակալվել Իտալիայում և Գերմանիայում, որտեղ հանցավոր խմբի անդամները վերջին երկու տարվա ընթացքում 85 բնակարան էին թալանել:
Վրացական հանցաշխարհը Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման գլխավոր խոչընդոտներից էր: Գերմանական ոստիկանության տվյալներով՝ 2015-ին Գերմանիայում 167 հազար բնակարանային գողություն է կատարվել, որոնց մեծ մասի հեղինակները հենց վրացիներն են: