Մատչելիության հղումներ

3 մլն 600 հազար դրամ վճարելով՝ բանակից խուսափածները կարող են վերադառնալ Հայաստան


ՀՀ խորհրդարանի շենքը, արխիվ
ՀՀ խորհրդարանի շենքը, արխիվ

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունների նախագիծը: Ըստ այդմ, բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող այն ՀՀ քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ (ընդհանուր առմամբ՝ 3 միլիոն 600 հազար դրամ) ազատվել քրեական հետապնդումից և անարգել վերադառնալ հայրենիք:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից պարզաբանեց հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը, փոփոխված օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտմբերի 31-ը: Հիշեցնենք՝ դեռևս 2004 թվականին ընդունված՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ արդեն 8 անգամ փոփոխություն է կատարվել՝ հազարավոր երիտասարդների պարբերաբար հնարավորություն տալով վերադառնալ Հայաստան: Սահմանված նախորդ ժամկետը լրացել էր 2015 թվականի մայիսին:

Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունն առաջարկել էր նման հնարավորություն օրենքով տրամադրել վերջին անգամ, այլևս թույլ չտալով գումար վճարելով խուսափել զինծառայությունից։ ՊՆ այդ առաջարկը, սակայն, մերժվեց: Ընդ որում՝ նաև իշխող ՀՀԿ-ի կողմից: Ինչպես շեշտեց հանրապետական Կարինե Աճեմյանը՝ դռներն այդ երիտասարդների առջև փակելը տրամաբանական չէ:

«Մենք ցանկացել ենք բարի գործ անել, որովհետև այդ երեխաները, ովքեր լքել են Հայաստանի Հանրապետությունը, շատ տարբեր պատճառներով են հեռացել: Ընտանիքներն են հեռացել և՛ սոցիալական, և ընտանեկան պատճառներից ելնելով: Դռները նրանց առջև փակելը, կարծում եմ, այնքան էլ տրամաբանական չէ»,- ասաց Աճեմյանը:

Քննարկումների ընթացքում խորհրդարանականները մերժեցին նաև Պաշտպանության նախարարության մյուս առաջարկը՝ ամեն բաց թողնված զորակոչի համար վճարել 500 հազար դրամ, փաստարկելով՝ բարձր շեմ սահմանելով, երիտասարդներին կզրկեն Հայաստան վերադառանալու հնարավորությունից: Արդյունքում որոշվեց, որ ամեն բաց թողնված զորակոչի համար բանակից խուսափած երիտասարդները կվճարեն 200 հազար դրամ և կազատվեն քրեական հետապնդումից:

Ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, Կարինե Աճեմյանը պարզաբանեց՝ որևէ օրենքով չեն կարող ամրագրել մի դրույթ, որով կսահմանեին, թե վերջին անգամ են օրենքում նման փոփոխություն կատարում: Հետագայում, այսինքն՝ 2019-ից հետո եթե անհրաժեշտություն լինի ու եթե կառավարությունը դրական եզրակացություն տա, «այդ հարցն անպայման նորից կլսվի», - ասաց հանրապետական պատգամավորը:

Ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները նախագծի քննարկման ժամանակ փորձում էին պարզել՝ իրականում ո՞րն է այս օրենքի նպատակը, բյուջեն լցնե՞լը, թե երիտասարդներին հայրենիք վերադարձնելը: Եթե խնդիրը հայրենադարձությունն է, ապա վճարվող գումարի չափն ընդհանրապես չպետք է բարձրացվեր, պնդում էին ընդդիմադիրները: «Ելքից» Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն անգամ առաջարկեցին առհասարակ գումար չգանձել:

«Ես կարծում եմ՝ մենք պետք է այս գումարը գոնե առնվազն այսքանը [հին չափով] թողնենք, և ավելի ճիշտ կլինի, որ ընդհանրապես այս գումարը հանենք, որ մարդիկ կարողանան վերադառնալ Հայաստան և հայրենիքում ապրել»,- ասաց Զեյնալյանը: Մանե Թանդիլյանն իր հերթին հավելեց․ «Փաստորեն մենք մեր հայրենակիցներին վերադարձնելու և Հայաստանը շենացնելու հնարավարություն տալու արհեստական խոչընդոտ ենք ստեղծում»:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ընդգծեց՝ շեշտը պետք է դնել ոչ թե գումար հավաքելու, այլ արտերկրում գտնվող «մեր երիտասարդներին» հայրենիք վերադառնալու հնարավորություն տալու վրա: Նկատենք՝ այսօր Հայաստանի քաղաքացի հանդիսացող 11 հազար հետախուզվողների 86 տոկոսը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներն են։

«Ամեն մի հայ երիտասարդի հայրենիք վերադառնալը շատ ավելին արժե, քան ձեր կրկնապատկումը»,- ասաց Սերգեյ Բագրատյանը: Կարինե Աճեմյանը հակադարձեց․ «Ձեր տրամաբանությամբ՝ մենք կարող ենք բացել դռները, ասել՝ գնացեք, հետո վերադարձեք, գումար էլ մի մուծեք, մենք հայրենադարձության խնդիր ենք լուծում: Դա չի կարելի, որովհետև մենք չենք ուզում խրախուսել զինակոչից խուսափելը: Այս մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում, որովհետև իրենք խախտել են օրենքը»:

Ի դեպ, Կարինե Աճեմյանը նաև տեղեկացրեց, որ անցած տարիների ընթացքում օրենքի գործողության արդյունքում Պաշտպանության նախարարության բյուջե է մուտքագրվել ավեի քան 8 միլիարդ դրամ, այդ գումարներն ուղղվել են ռազմական կարիքներին ու «ծառայել իրենց նպատակին»։

Խորհրդարանական քննարկուների ժամանակ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահեցրեց՝ իրենց նպատակը գումարի հավաքագրումը չէ, և օրենքի խստացումն էլ ոչ թե արդեն արտերկրում գտնվողների դեմ է, այլ ապագայում փողով բանակից խուսափողների, ովքեր այսօր արդեն հաշվարկներ են անում: «Ազնիվ լինենք ու մեր քաղաքացիներին հիմա արդեն այս օրենքով ասենք՝ հարգելիներս 10-րդ անգամ, 11-րդ անգամ, 12-րդ անգամ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում էս կարուսելն անընդհատ պտտել»,- հայտարարեց Արտակ Զաքարյանը:

Նշենք, որ օրենքում կատարված ևս մեկ փոփոխության արդյունքում համապատասխան տուգանքը վճարելու և քրեական հետախուզումից ազատվելու դիմում կարող է ներկայացնել նաև զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կողմից լիազորված անձը: Հավելենք, որ ընդդիմադիր «Ելք» դաշինքը վերապահումներով կողմ քվեարկեց օրինագծին: Խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց՝ առաջիկայում իրենք առաջարկություններ կներկայացնեն բանակից խուսափելու համար նախատեսված գումարի վճարման պարտադրանքն ընդհանրապես հանելու կամ առնվազն՝ գումարի եղած չափը չմեծացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG