Մատչելիության հղումներ

Գևորգ Սաֆարյանը բռնության է ենթարկվել խցակիցների կողմից․ փաստաբան


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղաքական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալը երեկ ուշ երեկոյան բռնության է ենթարկվել խցակիցների կողմից: Մինչդեռ քրեակատարողական վարչության Հանրային կապերի բաժինը հայտարարում է, որ Սաֆարյանը քերծվածքներ ստացել է ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով:

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանը, սակայն, փոխանցեց՝ ձայները բանտում այնքան ուժեղ են եղել, որ լսվել են անգամ հարևան խցերում։ Սա, Հայրապետյանի խոսքով, այսօր պատմել են նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից երկուսը։

«Ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը և Աշոտ Պետրոսյանը, որոնք այդ բարձր ձայները լսել են և մտածել են, որ մարդասպանություն է տեղի ունենում և իրենք են միջոցներ ձեռնարկել, որպեսզի ինչ-որ առումով կանխվի դա: Եվ իրենք տեսել, թե ինչպես են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները գալիս են, ինչպես են սպառնացել, որ՝ ցուցմունք չտաս, և այլն», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Տիգրան Հայրապետյանը:

Թե ինչո՞ւ են ծեծել Գևորգ Սաֆարյանին, փաստաբանը չգիտի, բայց կատարողը, ըստ նրա, եղել է կալանավոր Կարեն Պետրոսյանը։

«Իրենց ունեցած տեղեկություններով այդ անձը ծառայություններ մատուցող անձ է վարչակազմին», - նշեց Հայրապետյանը: - «Էլի եղել են դեպքեր, որ այդ անձի մասնակցությամբ միջադեպեր են եղել»:

Գևորգ Սաֆարյանին ծեծի ենթարկելու մասին այսօր դատարանում հայտարարեց նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը՝ պնդելով՝ ձայներ լսել է նաև ինքը:

Դեպքի մասին առաջինը հայտարարել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնին էլ, արձագանքելով այս հրապարակմանը, նշել էր՝ Սաֆարյանը հիմնարկի աշխատակիցներին բանավոր հայտարարել է, որ իր մարմնի վրա հայտնաբերված կարմիր հետքերն ու քերծվածքները ստացել է խցում ուշագնաց լինելու և վայր ընկնելու հետևանքով: Գերատեսչության հրապարակման մեջ նաև նշվում է, որ տեղի ունեցածի փաստական հանգամանքները ամբողջապես պարզելու նպատակով «Նուբարաշենում» նախապատրաստվում են նյութեր:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պետական կառույցի այս հայտարարությունը անհեթեթություն է որակում: Իրավապաշտպանը նշում է՝ Սաֆարյանի այս բացատրությունը վկայում է այն մասին, որ վերջինիս կյանքն ու առողջությունը վտանգված են։

«Սաֆարյանին անհապաղ պետք է տեղափոխել առանձին խուց», - նշեց Սաքունցը: - «Ես պնդում եմ, և դա իմ համոզմունքն է, որ Գևորգ Սաֆարյանը, որպես քաղաքական բանտարկյալ, նրա նկատմամբ բռնությունը եղել է ուղղորդված և դա եղել է պատվեր»:

Կատարվածի մեջ միտում է տեսնում նաև Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։ Նա նշում է՝ ինչպես կարող էր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը չիմանալ բռնության դեպքի մասին, երբ դեռ ուշ երեկոյան ահազանգի հետքերով այնտեղ է գնացել բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը, սակայն վերջիններիս թույլ են տվել տեսակցել կալանավորին միայն այսօր առավոտյան։

Դիտորդական հասարակական խմբի ղեկավար Արայիկ Զալյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ հայտնել Սաֆարյանի հետ տեսակցությունից՝ նշելով, որ ըստ սահմանված կարգի իրենք տեղեկություն կտրամադրեն միայն 3 օրից։

Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ։ Նա դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG