Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծին, որի նախնական տարբերակը թեժ քննարկումներ և բուռն բանավեճեր էր հարուցել:
Այդ քննարկումներից հետո օրինագիծը լրամշակվել է և փոփոխությունների ենթարկվել: Ողջ փաստաթղթում «ընտանեկան բռնություն» տերմինը փոխարինվել է «ընտանիքում բռնություն» արտահայտությամբ: Փոփոխվել է նաև օրինագծի վերնագիրը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը այժմ կոչվում է՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագիծ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասում է՝ ընտանիքի համերաշխության վերականգնմանն ուղղված բաժինը հենց թեժ քննարկումներից հետո է ավելի ամրապնդվել օրինագծում՝ տեղ գտնելով նաև վերնագրում: - «Օրենքի հիմնական նպատակները երկուսն են, մեկը՝ կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել, և հիմա քննարկումների փուլում նաև երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը», - մանրամասնեց նախարարը:
Ընտանեկան բռնության դեմ առանձին օրենք ունենալու ջատագով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր տարածած հայտարարությամբ իր անհամաձայնությունն է հայտնում օրինագծում կատարված փոփոխություններին: Ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական մասնագիտացված կառույցը պահանջում է Կառավարությունից վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը, կոալիցիայի պնդմամբ, համապատասխանում էր ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Զարուհի Հովհաննիսյանն ասում է՝ իրավական տեսանկյունից անհասկանալի է վերնագրում տեղ գտած «ընտանիքում համերաշխության վերականգնում» բառակապակցությունը:
«Այդպիսի իրավական սահմանում՝ համերաշխություն ընտանիքում, չկա և անհասկանալի է՝ ընտանիքի համերաշխությամբ ո՞ր կառույցն է զբաղվելու: Դա ո՛չ Ոստիկանության գործառույթը կարող է լինել, ո՛չ էլ իրավապահ համակարգի որևէ կառույցի», - մեկնաբանում է Հովհաննիսյանը:
Ըստ իրավապաշտպանիխնդրահարույց է նաև միջազգայնորեն ճանաչված «ընտանեկան բռնություն» տերմինի փոխարինումը «ընտանիքում բռնություն» արտահայտությամբ:
«Ընտանեկան բռնությունըմիջազգայնորեն ընդունված տերմին է, որը ամբողջ աշխարհում ընդունված է:», - պնդում է նա:
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, մինչդեռ, կարծում է, որ վերնագրի փոփոխությունները պարզապես ավելի են հստակեցնում օրինագծի նպատակները, առաջարկվող հիմնական կարգավորումները պահպանվել են․ - «Ես չեմ կարծում, որ օրենքի կոնցեպտուալ նշանակությունը պայմանավորված է վերնագրով: Մենք, երևի թե, ավելի շատ շեշտը պետք է դնենք օրենքի բովանդակության, համապատասխան կարգավորումների վրա և այս առումով օրենքը, ընդհանուր առմամբ, բարելավել է և այս վերափոխված տարբերակում ավելի հստակ և ավելի արդյունավետ մեխանիզմներ են նախատեսվում»:
Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի ընդունմանը դեմ Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության ղեկավար Արման Ղուկասյանը կարծում է, որ փոփոխություններից հետո էլ օրինագիծը չի կարող իրավիճակ փոխել: Ըստ նրա՝ առանձին օրինագծի անհրաժեշտություն չկա, ընտանեկան բռնության պատճառները ավելի խորը վերլուծության կարիք ունեն, բռնության դեմ պայքարն էլ համալիր քայլեր է պահանջում:
«Օրենքը չի կարող այն ընտանիքում, որտեղ առկա են բռնություններ, վերականգնել համերաշխություն», - մեկնաբանում է նա: - «Ուզում եմ հասկանալ դա ինչպե՞ս է տեղի ունենում, եթե մարդը իր կնոջ նկատմամբ կամ հակառակը բռնությունը է կիրառում, ինչպե՞ս կարող է պետությունը, պետական մարմինները, սոցիալական աշխատողները կամ այլ կառույցներ կարողանան համերաշխություն վերականգնել: Դա, ինձ թվում է՝ աբսուրդ է1»:
Կառավարության հաստատած օրինագծին դեռ սպասում է խորհրդարանական քննարկումների փուլը, այն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Ազգային ժողովում: