Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլով ու հացադուլով պայքարած ուսանողներին իրենց աջակցությունն են հայտնել գիտնականն ու դասախոսները։ Բաց նամակով ու դրա տակ դրված մոտ 140 ստորագրությամբ նրանք դիմել է նախագահին, Ազգային ժողովին ու Կառավարությանը։
Գաղափարի հեղինակներից՝ Ամերիկյան համալսարանի դասախոս Հայկ Ներսիսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ 2 առաջարկություն են ներկայացրել օրինագծի հեղինակներին։ Մեկն ուղղված է Կրթության, մյուսը՝ Պաշտպանության նախարարությանը։
«Պահանջում ենք մինիմալ քանակությամբ տեղեր պահպանել մագիստրատուրայում, ասպիրանտուրայում», - մանրամասնեց նա։ - «Իսկ երկրորդ կետը՝ նպատակը այն է, որ եթե այն ուսանողներին բացառենք, ովքեր պետք ծառայեն, մնացածի համար պայմաններ է պետք ստեղծել։ Արդյո՞ք քայլերը կատարվում են ու օրենքի կետով նշվի, որ պետք է իրենց համար էլ ռեսուրսներ ստեղծվի ու իրենց համար էլ քայլեր կատարվեն»։
Ներսիսյանն ասում է՝ առաջարկ արեցինք, բայց իշխանությունից պատասխան ստացանք այսօր 86 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծի տեսքով։ Հիասթափված ենք՝ նշում է երիտասարդ դասախոսը, ով վստահ է՝ այս ճանապարհը խոչընդոտելու է գիտությանը զարգացմանը․ - «Նույն այս 140 հոգին մեր պայքարը շարունակելու ենք։ Իմ պայքարը լինելու է լսարանում՝ ուսանող կրթելով, թղթի դիմաց՝ գիտության հետ կռվելով։ Ուրիշ բան չունենք անելու հիմա»։
Բաց նամակի տակ ստորագրած անձանց թվում ամենաշատը մայր բուհի դասախոսներն են։ Հրայր Ազիզբեկյանն էլ նրանցից մեկն է։ Երիտասարդ դասախոսն ու գիտնականն ասում է՝ իշխող կուսակցության կողմից հնչող խոստումները, թե բանակում գիտության զարգացման համար ստեղծվելու են բոլոր անհրաժեշտ պայմանները, հույս չեն ներշնչում։ Ազիզբեկյանի խոսքով՝ կրթության հաշվին բանակը համալրելու փոխարեն, պետք է նախ բանակի ներսում լուծել առկա լուրջ խնդիրները․ - «Մարդիկ այնտեղ չեն գնում շատ այլ պատճառներից ելնելով։ Պատճառներից մեկը բանակում գոյություն ունեցող միջանձնային հարաբերություններն են, սպայական կազմի հետ կոնֆլիկտները, բանակի վատ մենեջմենթը»։
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն սեփական մաշկի վրա է զգացել, թե ինչպես է բանակում ծառայելու հարցը խանգարել գիտական թեզի պաշտպանությանը։
«Գիտությամբ զբաղվելը խաղ ու պար չէ», - ասում է Ազիզբեկյանն ու հավելում՝ սա մի շղթա է, որի ընդհատումը բացասաբար է ազդում վերջնական արդյունքի վրա։ Բայց ամենից շատ ԵՊՀ դասախոսին հետաքրքրում է այն, թե ով կամ ինչ չափորոշիչներով է ընտրելու այն փոքրաթիվ լավագույններին, որոնք կստանան տարկետում գիտությամբ զբաղվելու համար․ - «Իմ համոզմամբ, եթե թողնում են ընդամենը 10 տոկոս տարկետում, ընդ որում՝ ինչ-որ մեկի որոշմամբ, ապա դա շատ լուրջ, նոր կոռուպցիայի տեղ է արդեն դպրոցական մակարդակում։ Այսինքն մարդիկ սկսելու են իրար հետ մրցել և իրար տակ փոս փորել այդտեղ երևալու և էլիտար 10 տոկոսի մեջ մտնելու համար»։
Բանակում չծառայած, բայց գիտությամբ զբաղվելու մեծ ցանկություն ունեցող երիտասարդներին այս օրենքը ցույց կտա արտագաղթի ճանապարհը՝ մտավախություն ունի բաց նամակի տակ ստորագրած Անահիտ Գոգյանը։ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտքարտուղարն ասում է՝ առանց այն էլ ցածր ֆինանսավորման պատճառով ոլորտը կորցնում է իր գրավչությունը։ - «Հիմա ուսանողները տեսնում են, որ կարելի է հեշտությամբ դուրս գնալ, այնտեղ սովորում են, այնտեղ մնում են՝ ասպիրանտուրան շարունակում են ու դա ավարտելուց հետո Եվրոպայում կամ Ամերիկայում շատ հեշտ է աշխատանք գտնելը»։
Երիտասարդ գիտնականը միևնույն ժամանակ այլ իրականություն է մատնանշում՝ այս տարի թափուր է մնացել Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրայի առկա բաժնի անվճար տեղը, իսկ այն, ի դեպ, տարկետման իրավունքով էր լինելու։ Սա, նրա խոսքով, ավելի աղետալի է, քանի որ ցածր ֆինանսավորումն ու 2018-ին էլ ավելի կրճատված բյուջեն ոլորտը տանում են դեպի անորոշություն։
Դասախոսներն ու գիտնականներն ասում են՝ ծառայել, միևնույն ժամանակ գիտությամբ զբաղվելն անհնար է։ Զարգացող ու մրցունակ գիտնականներ ունենալու համար պետք է ազատություն, որը պաշտպանական ոլորտի ներկայացուցիչները դժվար թե տան բանակում հայտնված սկսնակ գիտնականին։