Ադրբեջանը կարող է ինքնակամ դուրս գալ Եվրոպայի խորհրդից: Երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ում վարչակազմը արդեն տևական ժամանակ կոշտ քննադատության է ենթարկվում Եվրախորհրդի կողմից՝ ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Ադրբեջանի նախագահի կարծիքով, իր հոր կառավարման տարիների գլխավոր դիվանագիտական ձեռքբերումներից համարվող` Եվրոպայի խորհրդին անդամակցությունից հրաժարվելը երկրում որպես կորուստ չի ընկալվի: «Ավելի քան 15 տարի մենք Եվրոպայի խորհրդի ակտիվ անդամ ենք, սակայն վերջին շրջանում կառույցի գլխավոր քարտուղարի գործունեության արդյունքում Եվրոպայի խորհրդի և Ադրբեջանի միջև արհեստական ճգնաժամ է ստեղծվել», - հայտարարել է Ալիևը՝ պնդելով, թե այդ ճգնաժամի նախաձեռնողը Բաքուն չէ: «Մենք պարզապես համարժեք քայլեր ենք ձեռնարկում մեր նկատմամբ իրականացվող անարդար և կեղծավոր քաղաքականության դեմ», - հերթական անգամ ասել է Ադրբեջանի առաջնորդը:
Հիշեցնենք, մարդու իրավունքների հարցերով զբաղվող՝ Եվրոպայի ամենահին ու ամենամեծ կազմակերպություններից մեկը համարվող Եվրախորհրդի հասցեին Ալիևի հերթական կոշտ քննադատությունը հնչում է այդ կառույցում աննախադեպ գործընթացի ֆոնին, որը կարող է ավարտվել կազմակերպությունից Ադրբեջանի հեռացմամբ:
Մասնավորապես, բազմաթիվ կոչերից ու նախազգուշացումներից հետո էլ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովը չորրորդ տարին է բանտում է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ավելի վաղ ապօրինի է համարել նրա ձերբակալությունն ու կալանքը և Ալիևի վարչակազմից պահանջել անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հրաժարվում են իրականացնել ստրասբուրգյան դատարանի վճիռը, ինչն էլ է՛լ ավելի է սրել Բաքվի և Ստրասբուրգի առանց այդ էլ լարված հարաբերությունները:
«Եթե այդ ճգնաժամը խորանա, այդ դեպքում Ադրբեջանը ազատ կլինի իր ընտրության հարցում: Մենք ինքնակամ ենք անդամակցում կազմակերպություններին և ինքնակամ էլ կարող ենք լքել դրանք», - ասել է Ալիևը, ով ավելի վաղ խոստովանել էր, թե 2001-ին Եվրոպայի խորհրդին անդամակցել են հայերի պատճառով, քանի որ Հայաստանն էլ էր ցանկություն հայտնել միանալ այդ կառույցին:
Ադրբեջանի նախագահը Եվրոպայի խորհրդի մասին խոսում էր երեկ՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան»-ի՝ Ադրբեջանի պատմության ընթացքում իշխող ուժ հանդիսացող կուսակցության 25-ամյակի հանդիսավոր արարողությանը: Իլհամ Ալիևը իր երկարաշունչ ելույթի ընթացքում ոչ միայն դրսի ընդդիմախոսներին է կոշտ քննադատության ենթարկել, այլ նաև երկրի ներսում գործող ընդդիմությանը՝ անվանելով հինգերորդ շարասյուն:
«Բոլոր ազատությունները՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը, խղճի ազատությունը Ադրբեջանում ամբողջովին ապահովված են: Սակայն փորձելով օգտվել հավաքների ազատությունից՝ իրեն ընդդիմություն անվանող մարդկանց մի խումբ կարծում է, որ իրենց հանդեպ արհեստական պատնեշներ են ստեղծվում», - պնդել է տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանի նախագահը, ով հաճախ է արևմտյան պետությունների, իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախում հայտնվում ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու համար:
Ալիևը, ինչպես վկայում է վերջերս հրապարակված հերթական զեկույցը, անցած տարիներին միլիարդավոր դոլարներ է ծախսել արևմտյան մի խումբ ազդեցիկ քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս աչք փակեն Ադրբեջանում տեղի ունեցող ճնշումների վրա և հարկ եղած դեպքում պաշտպանեն իր ռեժիմին: Ադրբեջանի սակավաթիվ ընդդիմությունը բոլորովին վերջերս փողոց էր դուրս եկել՝ երկրի իրավապահներից պահանջելով հետաքննել իշխող ընտանիքին վերաբերող հերթական այդ սկանդալը:
Ադրբեջանի ղեկավարը, սակայն, այդ գործողությունների ետևում դրսի ուժերին է տեսնում: «Նրանց ապակառուցողական գործողությունները, ագրեսիվ պահվածքը միայն մեծացնում են ժողովրդի ատելությունը նրանց նկատմամբ: Ադրբեջանական ժողովուրդը շատ լավ գիտի, որ իրեն ընդդիմություն անվանող խումբը կառավարվում է արտասահմանից, իսկ Ադրբեջանի ժողովուրդը երբեք թույլ չի տա, որպեսզի արտասահմանից կառավարվող տարրերը՝ հինգերորդ շարասյունը, երկրում ինչ-որ դիրքեր զբաղեցնեն», - համոզմունք է հայտնել Իլհամ Ալիևը: