Մատչելիության հղումներ

Զիմբաբվեի բանակը սահմանափակել է նախագահ Մուգաբեի տեղաշարժի հնարավորությունը


Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբե, նոյեմբեր, 2017թ․
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբե, նոյեմբեր, 2017թ․

Ի՞նչ է կատարվում Աֆրիկայի երբեմնի ամենահարուստ և զարգացած պետություններից մեկում` Զիմբաբվեում: Արդյո՞ք զինվորականները պաշտոնանկ են արել աշխարհի ամենաերկարակյաց նախագահներից մեկին` 1980 թվականից ի վեր Զիմբաբվեն ղեկավարող Ռոբերտ Մուգաբեին: Այս հարցերի պատասխանները չեն կարողանում ստանալ ոչ մայրաքաղաք Հարարեում հավատարմագրված դիվանագետները, ոչ էլ միջազգային լրատվամիջոցները:

Իրադրությունը չհստակեցվեց նաև այն բանից հետո, երբ առավոտյան երկրի պետական հեռուստատեսության հանդեպ վերահսկողություն սահմանած Զիմբաբվեի բանակը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ:

«Բարի լույս, Զիմբաբվե: Նախևառաջ մենք ցանկանում ենք վստահեցնել Զիմբաբվեի բնակչներին, որ մենք երաշխավորում ենք երկրի նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար, նորին գերազանցություն ընկեր Ռոբերտ Մուգաբեի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը, նրանց որևէ վտանգ չի սպառնում: Մենք թիրախավորել ենք նախագահի շրջապատում գտնվող հանցագործներին, որոնց ձեռնարկած քայլերի հետևանքով երկրի բնակչությունը սոցիալական և տնտեսական տառապանքների է ենթարկվում: Մեր նպատակն է, որպեսզի այդ հանցագործները կանգնեն դատարանի առաջ», - հայտարարում էր Զիմբաբվեի բանակի պաշտոնական ներկայացուցիչ մայոր Մոյոն:

Իրավիճակը Զիմբաբվեում սրվեց մոտ տասն օր առաջ, երբ 93-ամյա Մուգաբեն պաշտոնանկ արեց իր ամենամերձավոր զինակիցներից մեկին` «Կոկորդիլոս» մականունով հայտնի փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային: Ակնկալվում էր, որ մոտ ապագայում զառամյալ Մուգաբեին նախագահի պաշտոնում հենց Մնանգագվան է փոխարինելու: Հարարեում շրջանառվող լուրերի համաձայն, սակայն, Մուգաբեն դիտարկում է իշխանությունն իր կնոջը` թանկարժեք գնումների մեծ սիրահար և «Գուչչի Գրեյս» մականունով հայտնի 52-ամյա Գրեյս Նտոմբիզոդվա Մուգաբեին փոխանցելու տարբերակը: Փոխնախագահի պաշտոնանկությունը խստորեն քննադատեց երկրի բանակի հրամանատար Կոնստանտինո Չիվենգան, որի հայտարարությունը, սակայն, պետական լրատվամիջոցները եթեր չհեռարձակեցին:

Վերջին ժամերին Հարարեից բավական կցկտուր տեղեկություններ են ստացվում: Արևմտյան և հարավաֆրիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինվորականները ձերբակալել են երկրի ֆինանսների նախարարին, զինաթափել են Մուգաբեին հավատարիմ ոստիկանության աշխատակիցներին: Հարավաֆրիկյան News 24 կայքի տեղեկություններով էլ՝ Մուգաբեն այժմ տնային կալանքի տակ է և չի բացառվում, որ առաջիկա ժամերին նա հրաժարական ներկայացնի: Մի քանի ժամ առաջ Մուգաբեի հետ հեռախոսով զրուցել է Հարավ-Աֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման: Այդ զրույցի ընթացքում Մուգաբեն ասել է, որ իրեն լավ է զգում, սակայն իր տեղաշարժի հնարավորությունները սահմանափակված են:

Ի դեպ, Հարարեի մերձքաղաքական շրջանակներում չեն բացառում, որ բանակային ստորաբաժանումների գործողությունների անուղղակի հովանավորը Աֆրիկայում տարեցտարի ավելի ու ավելի մեծ ազդեցություն ձեռք բերող և Զիմբաբվեի գլխավոր տնտեսական գործընկեր հանդիսացող Չինաստանն է: Միայն մեկ փաստ` չինական ընկերությունները ամսական շուրջ 30 միլիոն դոլար են ներդնում Զիմբաբվեի տնտեսության տարբեր ճյուղերում: Չինական ներգրավվածության մասին կասկածներն է՛լ ավելի խորացան, երբ հայտնի դարձավ, որ ընդամենը հինգ օր առաջ Պեկինում էր գտնվում հեղաշրջման փաստացի ղեկավարը` Զիմբաբվեի բանակի հրամանատար գեներալ Չիվենգան: Պաշտոնական Պեկինը, սակայն, պնդում է, որ զինվորականների գործողությունների հետ որևէ առնչություն չունի:

«Չիվենգայի այցը Չինաստան նվիրված էր բացառապես երկու երկրների միջև ռազմական փորձի փոխանակմանը», - այսօր հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գեն Շուանը:

Անկախացումից հետո Զիմբաբվեն` նախկին բրիտանական Հարավային Ռոդեզիա գաղութը, աֆրիկյան չափանիշներով բավական զարգացած և հաջողակ պետություն էր համարվում: 80-ականներին և 90-ականներին Մուգաբեի կառավարությունը տնտեսական բարեփոխումներ իրականացրեց, բարենպաստ պայմաններ ստեղծեց գյուղատնտեսության ոլորտում գերակշիռ դեր ունեցող սպիտակ ֆերմերների համար: 2000-ականների սկզբից, սակայն, Մուգաբեն սկսեց առգրավել եվրոպական ծագում ունեցող ֆերմերներին պատկանող հողատարածքները` դրանք հանձնելով անկախության պատերազմի վետերաններին: Որպես հետևանք՝ երկրի տնտեսությունը հայտնվեց խորը ճգնաժամում: Սղաճի ցուցանիշը 2008-ի նոյեմբերին հասավ 79 միլիարդ տոկոսի: Հաջորդ տարի երկիրը դադարեցրեց սեփական թղթադրամների թողարկումը` անցնելով ամերիկյան դոլարի: Գործազրկության մակարդակը 2000-ականների վերջին հասավ 94 տոկոսի:

Այս ամենը, սակայն, չէր խանգարում Մուգաբեին շարունակաբար հաղթել նախագահական ընտրություններում` ընդհանուր առմամբ հինգ անգամ անընդմեջ: Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում է, որ Զիմբաբվեում ընտրություններն ուղեկցվում են համատարած կեղծիքներով: Ընդդիմադիրների պնդմամբ, եթե հավատանք պաշտոնական տվյալներին, ապա ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ավելի քան 30 տոկոսի տարիքը գերազանցում է 120 տարին:

Վերջում նշենք, որ Զիմբաբվեում կյանքի միջին տևողությունը 44 տարի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG