Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Աղքատության ծավալը չի կրճատվելու, աղքատներն ավելի են աղքատանալու


«Աղքատության մակարդակը չի հաջողվելու կրճատել», - Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ թոշակների, նպաստներն ու նվազագույն աշխատավարձի ավելացում հաջորդ տարի չի նախատեսվում։

Վերջին անգամ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում 2015-ին է եղել․ - «2018 թվականը լինելու է ամենամեծ գնաճով տարին վերջին տարիների համեմատ: Եվ եթե 2014-ից հաշվենք, մոտավորապես 10 տոկոս գնաճ ենք ունեցել, և այս արձանագրումը նշանակում է, որ աղքատության ծավալը չի կրճատվելու, աղքատները ավելի են աղքատանալու, և մարդիկ առնվազն 10 տոկոսով ավելի վատ են ապրելու 2018 թվականին»:

«Մենք ընդունում ենք, որ այսօրվա դրությամբ չենք կարող ասել, որ 29.8 տոկոս աղքատության ցուցանիշի պայմաններում մենք չենք կարող խոսել սոցիալական լարված վիճակի մասին: Մենք այլ բան ենք ասում․ ինչպե՞ս գնանք, որպեսզի այդ սոցիալական լարված իրավիճակը նվազի: Դրա լավագույն տարբերակը նրանց համար աշխատատեղեր և հնարավորություն ստեղծելն է, որպեսզի եկամուտ գեներացնեն: Սա է մեր մոտեցումը», - արձագանքեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ով խորհրդարանին ներկայացրեց բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները ու պատասխանեց պատգամավորների հարցերին։

Վարչապետ Կարեն Կարապետյանը թեև առավոտյան դահլիճում էր, բայց այդպես էլ չմոտեցավ խորհրդարանի ամբիոնին:

Կառավարությունը հաջորդ տարի նախատեսում են ստանալ 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ, ծախսել՝ 1 տրիլիոն 464 միլիարդ: Պակասուրդը, այդպիսով, շուրջ 157 միլիարդ է կազմելու:

2017-ի համեմատ և՛ եկամուտները, և՛ ծախսերը, ըստ Արամյանի, կաճեն շուրջ 100 միլիարդ դրամով:

Հաջորդ տարի կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ՝ մեծամասամբ արդյունաբերության ու ծառայությունների հաշվին։

Տնտեսական աճի, աղքատության նվազման համար ֆինանսների նախարարը երկրորդական չհամարեց լավ ենթակառուցվածքների անհրաժեշտությունը։

«Ծառուկյան» խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց․ - «Ճանապարհները որ նորոգելու եք, էդ աղքատ մարդիկ ո՞նց են գեներացնելու իրենց եկամուտները»:

«Այդտեղ արդեն փոքր տնտեսություններ բիզնես են սկսել ձևավորել՝ ռեստորանային փոքր բիզնես: Իսկ ինչո՞ւ ծնվել այդ բիզնեսը: Որովհետև մարդկանց հոսք է տեղի ունեցել: Կառավարության խնդիրը ո՞րն է: Ոչ թե այդ մարդուն պետք է փող տալ, այլ ենթակառուցվածքը պետք է լավացնենք», - պատասխանեց Արամյանը:

Ուրիխանյանի արձագանքը․ - «Ուրեմն փաստում ենք հետևյալը․ 2018 թվականին կառավարությունը Հայաստանում աղքատության հարցը լուծելու, մարդկանց կյանքը բարելավելու համար ճանապարհներ է նորոգելու, որպեսզի մեկ միլիոն աղքատները լավ ճանապարհով լավ գնան, լավ գան: Ներդրողը կգնա Ձեր ասած Շիրակի մարզ կամ այլ բնակավայր, որտեղ մարդիկ աղքատ են, չկա շուկա, չկա շարժ, չկա վճարունակություն, չկա աշխատանք, աշխատատեղ և աշխատավարձ, բայց լավ ճանապարհ կա, ներդրո՞ւմ կանեն․․․»

«Ծառուկյան» դաշինքից Նաիրա Զոհրաբյանը Ֆինանսների նախարարին հարց ուղղելուց առաջ հիշեցրեց նրա իսկ խոսքերը․ - «Նշեցիք՝ տնտեսական աճ՝ ի հաշիվ հարկային հավաքագրումների, և ավելացրեցիք՝ ադեկվատ հարկային հավաքագրումների: 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ: Հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները: Ինչո՞ւ է Ձեր ադեկվատ վարչարարությունը բռնել հատկապես էն փոքր և միջին ձեռներեցների վրա, ովքեր ընդամենը օրվա հաց են վաստակում: Ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»:

«Դուխներս հերիքում ա», - արձագանքեց Վարդան Արամյանը: - «Ես, ճիշտն ասած, այդպիսի ազդակ չեմ ստացել, որ փոքր ու միջին բիզնեսի համար ոտնձգություններ է կատարվում կամ ինչ-որ խնդիրներ են լինում: Եթե կան, մենք նստենք մտածենք, թե ինչումն է այդ խնդիրը: Մեր քաղաքականությունը ուղղված է խոշորներին բերել հիմնականում կարգապահական դաշտ, փոքր ու միջին բիզնեսին թողնել հանգիստ: Բայց միևնույն ժամանակ փորձենք այդ օղակները, որի միջոցով որ արտահոսում է ոչ ֆորմալ ներկրումները կամ արտադրությունները, դրանք փակենք: Իսկ դրանք հիմնական վերջնական սպառող փոքր ու միջին բիզնեսն է»:

Նաիրա Զոհրամյանն ասաց․ - «Պարոն Արամյան, զարմանում են, որ դուք ազդակ չեք ստացել: Բա էս մարդիկ, որ հազարներով գալիս են, ինչի՞ համար են գալիս: Կարո՞ղ ա գալիս են Ազգային ժողովի ֆոնին նկարվեն և գնա»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2017-ի համեմատ գրեթե նույնն են մնացել սոցիալական բնույթի ծախսերը, բայց ավելացել են երկրի պաշտպանությանն ուղղված գումարները։ Նախարարն այդ ավելացումն էլ անմիջականորեն կապեց տնտեսական աճի հետ․ - «Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսական աճը ուղղված լինի ներդրումներում: Իսկ ներդրումները, գաղտնիք չէ, որ կատարվում են այն երկրներում կամ այն միջավայրում, որտեղ կա կայունություն: Եթե մենք ունենք նվազեցված ռիսկեր, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեր պաշտպանունակությունը լինի պատշաճ մակարդակի վրա, որպեսզի ազդակ հաղորդենք ներդրողներին, որ ցանկացած իրավիճակ մեզ համար կառավարելի է»:

Բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն նաև վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG