«Ազատ Եվրոպա/Ազատություն Ռադիոկայանը» հայտարարություն է տարածել Ռուսաստանի Պետդումայի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ, որոնց հետևանքով երկրում գործող միջազգային լրատվամիջոցները ստիպված են լինելու գրանցվել որպես «օտարերկրյա գործակալ»։
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.
«Ազատություն» ռադիոկայանը տեղյակ է, որ Պետդուման որոշել է օտարերկրյա լրատվամիջոցներին կցել «օտարերկրյա գործակալի» պիտակը։
Մենք չենք պատրաստվում դատողություններ անել այն մասին, թե այսօրվա քվեարկությունից հետո Ռուսաստանն ինչ քայլեր կձեռնարկի կամ ինչպես դա կանդրադառնա մեզ վրա։
Այսօրվա քվեարկությունը որպես Միացյալ Նահանգներում Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող լրավամիջոցներին ներկայացվող պահանջներին «պատասխան» դիտարկելը տեղին չէ։ RT֊ն և Sputnik֊ը ազատ կերպով հեռարձակվում են ԱՄՆ֊ում, մինչդեռ «Ազատությունը» զրկվել է իր վերահեռարձակող գործընկերներից վարչական ճնշումների պատճառով, բացի այդ՝ մեզ հնարավորություն չի տրվում հեռարձակվել նաև կաբելային կապուղիներով։ «Ազատության» լրագրողները Ռուսաստանում ենթարկվում են ճնշումների և ֆիզիկական հարձակումների, մինչդեռ RT֊ի լրագրողները ԱՄՆ֊ում նման որևէ սպառնալիքի առաջ չեն կանգնած։
«Ազատության» գործն է ամբողջ աշխարհի՝ այդ թվում Ռուսաստանի ռուսալեզու լսարանին մատուցել ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն։ Մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մեր լրագրողական աշխատանքը։
Հիշեցնենք՝ Պետդուման այսօր երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Տեղեկատվության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք թույլ կտան դրսից ֆինանսավորվող լրատվամիջոցներն այսուհետ Ռուսաստանում գրանցել որպես օտարերկրյա գործակալ։