Մատչելիության հղումներ

Ցուցարարների հինգ հոգանոց պատվիրակությունը հանդիպում է ԱԺ փոխնախագահի հետ


Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ խորհրդարանի առջև ցույց անող ուսանողներից հինգ հոգանոց պատվիրակություն քիչ առաջ մուտք գործեց խորհրդարան։

Հանդիպման հրավեր ուսանողներին արեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հանդիպումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ է՝ փակ դռների հետևում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին չթույլատրվեց ներկա լինել հանդիպմանը։

Երիտասարդները շենք մուտք գործելիս հայտարարեցին, որ բուն օրենքի շուրջ բանակցություններ, քննարկում չեն վարելու, այլ ընդամենը քննարկելու են՝ գտնելու ինչ-որ ձևաչափ, որի շրջանակում առաջիկայում կսկսվեն բանակցություններ։

Նշենք, որ Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Հիշեցնենք՝ համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG