Հայաստանի նախկին ոստիկանապետ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ կողմ չէ հացադուլին, սակայն քանի որ ուսանողները դիմել են այդ ծայրահեղ քայլին, ապա հուսով է, որ իշխանությունները բանակցային պրոցեսը կշարունակեն, բոլորն էլ ռեալ գիտակցությամբ կմոտենան հարցին, և անհրաժեշտ գնահատական կտրվի։
«Ազատություն». - Հինգ երիտասարդ, հինգ ուսանողներ, որոնցից չորսը բանակում ծառայել են, այսինքն՝ նրանք բանակից խուսափելու որևէ անձնական շահագրգռվածություն առնվազն չունեն, միայն մեկը չի ծառայել բանակում, փակված են սենյակում և կոնկրետ պահանջ են ներկայացրել, ի՞նչ քայլեր է նախաձեռնելու իշխանությունը, այդպես անտարբերությա՞ն է մատնելու նրանց, գիտենք, թե երկարատև հացադուլն առողջության տեսանկյունից ինչպիսի անդառնալի պրոցեսներ կարող է ի հայտ բերել, թե՞, ի վերջո, Դուք կողմնակից եք, որպես իշխող Հանրապետականի պատգամավոր, որ պետք է բանակցություններ սկսվեն այս երիտասարդների հետ։
Ալիկ Սարգսյան. - Ես ամեն դեպքում տեղյակ եմ, որ նրանց այս կապակցությամբ ընդունեց վարչապետը, նրանք հանդիպում ունեցան պաշտպանության նախարարի, կրթության նախարարի հետ, երկարատև հանդիպում են ունեցել մեր հանձնաժողովի՝ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի հետ։
«Ազատություն». - Բայց նրանք ասում են, որ հետևանք չեն տվել այդ հանդիպումները։
Ալիկ Սարգսյան. - Նման պարագայում, երբ անարդյունք են եղել այս հանդիպումները, ինձ մնում է ուղղակի ակնկալել, հույս ունենալ, մեր երիտասարդ տղաներն են և նրանցից շատ շատերը մեր արժանավոր տղաներն են, ծառայել են հայրենիքին, եղել են բանակում, ինչու չէ` ապրիլյան քառօրյա պատերազմին են մասնակցել և այլն, այս բոլոր դրվագներն ինձ թույլ չեն տա որևիցե անհարգալից բան ասել նրանց հասցեին, որովհետև նրանք հայրենասեր տղաներ են։ Միգուցե ինչ-որ մարդկանց դրդմամբ փորձեն ավելի ակտիվություն ցուցաբերել, միգուցե նրանց կողքին ինչ-որ մարդիկ կան, որոնք այս արժանիքներից չեն օգտվում, բայց փորձում են նրանց առաջին պլան հանդես բերել որպես խոսքի իրավունք ունեցող, մատուցած էս ծառայությունների տեր մարդ։ Այնուամենայնիվ, ես չեմ գտնում, թե այս պահին հացադուլի կարիքը կար, բայց որ դիմել են այդ ծայրահեղ քայլին, հուսով եմ, որ իշխանությունների կողմից նույնպես կշարունակվի բանակցային պրոցեսը, միայն բանակցային պրոցես, ինչը որ ես տեսնում եմ։
«Ազատություն». - Ձեր դիրքորոշումը միանշանա՞կ է՝ պետք է բանակցություններ սկսվեն այս երիտասարդների հետ, որպեսզի հացադուլը դադարեցվի։
Ալիկ Սարգսյան. - Ես կարծում եմ, որ բանակցությունները կշարունակվեն, մեր երիտասարդներն են, մեր զավակներն են, որևիցե մեկի շահերից չի բխում, որ երեխաները ինչ-որ կերպ վնասեն իրենց առողջությունը։ Ինչի՞ մասին է խոսքը։
«Ազատություն». - Դուք դե՞մ եք, որպեսզի ուժ գործադրվի և ուժի գործադրմամբ այդ երիտասարդներին այնտեղից դուրս բերեն։
Ալիկ Սարգսյան. - Ի սկզբանե ես դեմ եմ ցանկացած բռնությանը, չեմ ընդունում ցանկացած բռնություն, բայց կարծում եմ այս պահին խոհեմության սահմաններում, մեր ուժային կառույցներն էլ համապատասխան խոհեմություն կցուցաբերեն, համալսարանի ղեկավարությունն էլ համապատասխան խոհեմություն կցուցաբերի։ Չեմ սպասում, թե ինչ-որ ուժ պիտի կիրառվի այս երիտասարդների նկատմամբ։
«Ազատություն». - Անթույլատրելի՞ եք համարում բռնությունը։
Ալիկ Սարգսյան. - Կարծում եմ, որ խոհեմության սահմաններում այս հարցը կկարգավորվի, մարդիկ կգան, կխոսեն, կորոշեն, որովհետև սեղանին կամ նժարին դրված այն հարցը, ինչի համար որ մեր երիտասարդներն են այսօր պայքարում, կարծում եմ, բոլորն էլ ծնող են, բոլորն էլ հասկանում են, բոլորն էլ ռեալ գիտակցությամբ կմոտենան հարցին և անհրաժեշտ գնահատական կտան։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.