Մատչելիության հղումներ

Ուսանողները հայտարարում են Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա սկսելու մասին


Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողներն Ազգային ժողովի շենքի դիմաց լռության ակցիա են սկսում։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ մոտ 20 օրերի ընթացքում իրենց պահանջները չեն լսվել, հետևաբար իրենք լռության ակցիա են սկսում։

«Խավարասերների նիստից հետո այս պահին մենք լռության ակցիա ենք սկսում այստեղ։ Արդեն 10։06-ին քվեարկել են, օրենքն անցել է, և դեմ է արտահայտվել միան «Ելք» խմբակցությունը, ստացվում է, որ 20 օրից ավել մեզ չեն լսում, ուրեմն մենք այլևս չենք խոսում և լուռ կանգնում ենք այս դռների դիմաց», - հայտարարեց Կոստանյանը։

Նշենք, որ Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Հիշեցնենք՝ համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG