Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի ու Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:
Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես: