Մատչելիության հղումներ

Մեյը Պուտինին կոչ է անում փոխել ճանապարհը


Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում լոնդոնյան Սիթիի ճաշկերույթի ժամանակ, 13-ը նոյեմբերի, 2017թ․
Մեծ Բրիտանիա - Վարչապետ Թերեզա Մեյը ելույթ է ունենում լոնդոնյան Սիթիի ճաշկերույթի ժամանակ, 13-ը նոյեմբերի, 2017թ․

Մեծ Բրիտանիայի վարչապետը Կրեմլին մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու, կիբերհարձակումների և օտար պետությունների ընտրություններին միջամտելու մեջ: Թերեզա Մեյի այս աննախադեպ կոշտ քննադատությունը հնչել է երեկ՝ լոնդոնյան Սիթիի ավանդական ճաշկերույթի ընթացքում:

Իր ելույթի զգալի մասը նվիրելով արտաքին քաղաքական հարցերին՝ Մեյը մեղադրանքների մի ամբողջ տարափ է հնչեցրել Պուտինի վարչակազմի հասցեին, պնդելով, թե Մոսկվան կեղծ լուրեր է տարածում, որպեսզի «Արևմուտքում խառնաշփոթ ստեղծի»:

Բրիտանական կառավարության ղեկավարը ընդգծել է, որ թեև չեն ցանկանում Ռուսաստանի հետ «հարատև առճակատում», այդուհանդերձ, մտադիր են պաշտպանել իրենց շահերը: Մեյը նշել է, թե Պուտինի համար հասարակ մի ուղերձ ունի՝ փոխել ճանապարհը, որով գնում են վերջին տարիներին՝ բռնակցելով Ղրիմը, զբաղվելով Ուկրաինայում հակամարտության հրահրմամբ և կազմակերպելով կիբերհարձակումներ Եվրոպայի խորհրդարանների և կառավարությունների դեմ:

«Ռուսաստանը բազմիցս խախտել է եվրոպական մի շարք երկրների ազգային օդային տարածքները և նպատակաուղղված կիբերլրտեսություն իրականացրել», - պնդել է Թերեզա Մեյը՝ շարունակելով․ - «Այն ներառում է այդ թվում Դանիայի պաշտպանության նախարարության և Բունդեսթագի դեմ հաքերային հարձակումներն ու ընտրություններին միջամտությունը: Մենք տեղյակ ենք, թե ինչով եք զբաղված դուք: Չեք հաջողելու»:

Այդպիսով Մեծ Բրիտանիայի վարչապետը, ըստ էության, հակադարձել է ԱՄՆ նախագահի անցյալ շաբաթ հնչեցրած հայտարարությանը, որում Դոնալդ Թրամփը նշում էր, թե հավատում է Վլադիմիր Պուտինին, երբ վերջինս հավաստիացնում էր, որ ռուսաստանյան իշխանությունները չեն միջամտել ամերիկյան նախագահական ընտրություններին:

Բրիտանական կառավարության ղեկավարը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանը կարող էր լինել Արևմուտքի արժեքավոր գործընկերը, սակայն մի պայմանով՝ եթե կանոններով խաղա:

Առաջիկայում Եվրամիությունը լքող Մեծ Բրիտանիան, որը դաշինքի անդամ երկրներից ամենամեծ ռազմական բյուջեն ունի և համարվում է Եվրոպայի՝ դիվանագիտական և հետախուզական ամենախոշոր ծառայություններն ունեցող երկիրը, հետագայում էլ կշարունակի պահպանել ՆԱՏՕ-ին լիակատար հավատարմությունը, հավաստիացրել է Թերեզա Մեյը:

«Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև ամուր տնտեսական համագործակցությունը բաստիոն կդառնա Եվրոպայում հասարակարգը խախտելու Ռուսաստանի փորձերի դեմ», - ասել է բրիտանացի վարչապետը:

Բրիտանական կառավարության ղեկավարի այս հայտարարությունները հնչում են այդ երկրում ընթացող հետաքննության ֆոնին, որով իշխանությունները փորձում են պարզել, թե արդյոք Ռուսաստանը փորձել է ազդել քվեարկության վրա, որի արդյունքներով Մեծ Բրիտանիան առաջիկայում պետք է լքի Եվրամիությունը: Լոնդոնում մտավախություն ունեն, որ Կրեմլը կարող էր նույն կերպ գործել, ինչպես Միացյալ Նահանգների դեպքում՝ օգտագործելով Ֆեյսբուքն ու այլ սոցիալական ցանցեր:

Ռուսաստանի կողմից Եվրոպայում ապատեղեկատվության տարածման շուրջ Բրյուսելում մտահոգություններ են հնչում վաղուց, սակայն գործնական քայլեր են ձեռնարկվում հիմա: Երեկ Բրյուսելի նախաձեռնությամբ իր աշխատանքը սկսեց հասարակական խորհրդատվական մարմինը, զուգահեռաբար՝ գիտնականներից, լրագրողներից կազմված փորձագիտական խումբը, որոնք զբաղվելու են համացանցում տարածվող ապատեղեկատվության հետ կապված հարցերով:

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի խոսքով՝ այս դարաշրջանում, երբ մարդկությունը բախվում է աննախադեպ ծավալներով ապատեղեկատվության, հատկապես կարևոր է քաղաքացիներին գործիքներ տրամադրել, որոնք ի վիճակի են տարբերակել կեղծ լուրերը:

Նշենք նաև, որ հաջորդ ամիս Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ կայցելի Ռուսաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG