Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Կին» միջազգային 14-րդ կինոփառատոնը


Այս երեկո Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում մեկնարկող «Կին» միջազգային 14-րդ կինոփառատոնի ծրագրում ընդգրկված են կին ռեժիսորների ավելի քան 60 ֆիլմ 20 երկրից՝ թե՛ գեղարվեստական, թե՛ անիմացիոն, թե՛ վավերագրական:

Նախապես փառատոնին մասնակցության համար 500 հայտ է ներկայացված եղել, բայց դրանցից փառատոնի աշխատակազմը ընտրել է վաթսունը՝ ըստ գեղագիտական չափանիշների:

Լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի հիմնադիր նախագահ Մարիամ Օհանյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե որն է այս տարվա փառատոնի առանձնահատկությունը, նշեց․ - «Փառատոնը ամեն տարի ունի իր առանձնահատկությունը՝ դա նոր ֆիլմերն են, որոնք նոր խնդիրներ են բարձրացնում և բացահայտում իրականությունը: Բացի դրանից, մենք ունենք հյուրերի ծրագիր, ունենք ռետրոսպեկտիվ ցուցադրում, որը նվիրված է իրանահայ դերասանուհի Լորիկ Մինասյանին, ունենք հյուրերի ծրագիր, որտեղ կցուցադրվեն բամզաթիվ մրցանակներ ստացած ֆիլմեր Շվեդիայից, Գերմանիայից, մեր ժյուրիի անդամների ֆիլմերը»:

Փառատոնի մրցութային ծրագրի տարբեր անվանակարգերում ներկայացված բոլոր ֆիլմերն առնչվում են կանանց խնդիրների հետ: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող կինոռեժիսորները փորձում են վերհանել տարբեր երկրներում բնակվող կանանց պրոբլեմները, որոնք իրոք խիստ տարբեր են:

«Իրանական ֆիլմերում ուրիշ խնդիրներ են բարձրացվում, դանիական ֆիլմում՝ ուրիշ խնդիրներ, մեքսիկական ֆիլմում՝ ուրիշ․․․ Բայց դրանք բոլորը համընդհանուր, համամարդկային, բոլոր կանանց և մարդկանց հասկանալի բաներ են», - նշեց Մարիամ Օհանյանը:

Ուշագրավ է, որ մրցութային ծրագրում Հայաստանից խաղարկային ֆիլն ներկայացված չէ, միայն վավերագրական ֆիլմեր են ներկայացվել՝ Մանե Բաղդասարյանի «Ադապտացիա» ֆիլմը , Անժելա Ֆրանգյանի «Ճանապարհ»-ը և Քրիստինե Ղազարյանի «Կյաժը»:

«Ազատության» հարցին, թե արդյոք փառատոնի 14-րդ տարում ավելացել է Հայաստանում կին կինոռեժիսորների քանակը, Մարիամ Օհանյանը պատասխանեց․ - «Ընդհանուր Հայաստանում կա այն պրոցեսը, որ բարձրագույն կրթություն ստացողների մեծ տոկոսը կազմում են աղջիկներ, և ռեժիսուրայի ֆակուլտետում իրենք նույնպես բավականին մեծ տոկոս են կազմում: Ուրիշ խնդիր է, թե արդյոք այդ աղջիկները, որոնք ավարտում են ինստիտուտը, մնո՞ւմ են ռեժիսոր, կամ դառնո՞ւմ են ռեժիսոր: Դա արդեն շատ մեծ հարց է և մեծ խնդիր է: Ամեն դեպքում մենք մեր փառատոների ժամանակ ցուցադրել ենք բազմաթիվ ուսանողական ֆիլմեր, և, ցավոք սրտի, շատ քչերն են իրենցից, որ շարունակել են»:

«Ազատության» խնդրանքով ՕՀանյանը իր գնահատականը տվեց հայ կինոյի այսօրվա վիճակին․ - «Ես գնահատում եմ հայ կինոյի վիճակը ծանրագույն, որովհետև, ես գտնում եմ, որ չեն ստեղծված այն պայմանները, երբ որ մարդիկ կարող են ստեղծագործել, և արդյունավետ ստեղծագործել: Բացի դրանից, կինոն դա արտադրություն է, և ինչ-որ չափով պետք է նաև բերի ինչ-որ եկամուտ: Այսինքն, հնարավոր չի աշխատել էնտուզիազմի վրա: Տվյալ դեպքում ես այն ռեժիսորներից եմ, որը աշխատում է իր էնտուզիազմով: Կինոն ունի կարևորագույն քաղաքական նշանակություն երկրի համար, որովհետև կինոյով են ճանաչում երկիրը: Ես հուսով եմ, որ միգուցե ինչ-որ բան կարվի: Բայց այս պահին ես գտնում եմ, որ բավականին տխուր է վիճակը»:

Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ապա ոչ միայն նրա ճաշակն է փոխվել, այլև առհասարակ կորել է նրա հետաքրքրությունը լավ ֆիլմերի՝ արվեստի գործերի նկատմամբ․ - «Կինոն ամբողջովին կտրված է ժողովրդից, հասարակությունից: Իսկ արվեստը, որը կտրված է հասարակությունից, ինքը մեռած արվեստ է: Կարող է մենք ունենք ինչ-որ ֆիլմեր, որոնք ինչ-որ տեղ փառատոնում ցուցադրվել են և այլն, և այլն, բայց իրականում կինոյի դերը, իմաստը նրանում է, որպեսզի ինքը մտնի դիալոգի մեջ իր ժողովրդի հետ: Որովհետև կինոն, ինչպես և ցանկացած արվեստի գործ, դա խոսակցություն է, դա շփում է՝ ես ունեմ խնդիր, ես ուզում եմ ձեզ պատմել դրա մասին, ես ուզում եմ ձեզ հետ խոսել: Հետո ժողովուրդը նայում է և ինչ-որ ձևով արձագանքում է: Ահա մեր մոտ այդ ամեն ինչը կտրված է, չկա այդ կապը: Բացի դրանից, մեր հանդիսատեսն էլ, կարելի է ասել, որակազրկվել է, այն իմաստով, որ ինքը արդեն հետ է սովորել նայել ինչ-որ դժվար կինո, լուրջ կինո: Ցավոք սրտի, մենք այսօր չունենք այդ ֆիլմերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG