Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ավելի քան չորս ժամ շարունակված բանակցությունները Սոչիում ավարտվեցին երկուշաբթի ուշ երեկոյան: Նախապես ենթադրվում էր, որ Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Ի վերջո, սակայն, երկու երկրների ղեկավարները սահմանափակվեցին բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով` այդպես էլ չպատասխանելով «Բոչարով Ռուչեյ» նստավայրում գտնվող ռուսաստանցի և թուրք լրագրողների հարցերին:
Պուտինի և Էրդողանի այս հայտարարություններից դատելով` բանակցությունների հիմնական թեմաներն էին երկկողմ հարաբերությունները և Սիրիայում ստեղծված կացությունը:
Ուշագրավ է, որ Սոչի մեկնելուց բառացիորեն մի քանի րոպե առաջ` Ստամբուլի օդանավակայանում, Էրդողանը խստորեն քննադատել էր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների շաբաթօրյա հայտարարությունը, որում Թրամփն ու Պուտինը նշել էին, թե «սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի»: «Եթե ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները նման տեսակետ ունեն, ապա առաջինը հենց իրենք պետք է դուրս բերեն Սիրիայի տարածքում տեղակայված ստորաբաժանումները», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
Սոչիում, սակայն, նրա հայտարարությունների տոնայնությունը փոքր-ինչ ավելի մեղմ էր: «Աստանայի գործընթացը և անվտանգության գոտիներին վերաբերող հուշագրի ստորագրումը որոշակիորեն նպաստեցին Սիրիայում բռնության ծավալների նվազեցմանը: Մենք ընդհանուր հայտարարի եկանք, որ այժմ որոշ հիմքեր են ի հայտ եկել, որոնք կարող են նպաստել խնդրի քաղաքական կարգավորմանը: Մենք ի գիտություն ենք ընդունում նախագահներ Թրամփի և Պուտինի` Վիետնամում ընդունած հայտարարությունը», - նշում էր Էրդողանը:
Ռուսաստանի նախագահը ևս չէր հերքում, որ ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունը եղել է բանակցությունների քննարկման հիմնական թեմաներից մեկը: «Ես տեղեկացրեցի պարոն նախագահին, որ մենք Դանանգում կայացած համաժողովի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահի հետ համատեղ հայտարարություն ենք ընդունել, որում արտացոլված են մեր հիմնական մոտեցումները սիրիական խնդրին: Դրանք են` վերջնականապես ջախջախել «Իսլամական պետությունը», անվերապահորեն ապահովել սիրիական պետության ինքնիշխանությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը», - հայտարարում էր Պուտինը:
Մոսկովյան «Կոմերսանտ»-ի տեղեկություններով, Սոչիում կայացած բանակցությունների` Սիրիային վերաբերող հատվածը բավական լարված է ընթացել: Տարաձայնությունները, ըստ պարբերականի, հիմնականում վերաբերում էին սիրիացի քրդերի մասնակցությանը այսպես կոչված Սիրիական ազգային կոնգրեսի աշխատանքներին: Դա այն ձևաչափն է, որի շրջանակում, ըստ պաշտոնական Մոսկվայի, պետք է բանակցեն Բաշար Ասադի կառավարությունը և սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:
«Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Սիրիայի և Թուրքիայի քրդերի միջև տարբերություն չի տեսնում` նրանց բոլորին էլ ահաբեկիչներ համարելով: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները նրա այդ մոտեցմանը համաձայն չեն: Այնպես որ, Բոչարով Ռուչեյում կայացած բանակցությունները իրականում բավական ծանր ընթացք էին ունեցել», - գրում է «Կոմերսանտ»-ը:
Երեկ կայացած բանակցություններին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները չեն շրջանցել նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման թեման, ինչը թերևս պատահական չէ` 2017 թվականը երկկողմ հարաբերություններում կմնա որպես Ռուսաստանի կողմից Թուրքիային նորագույն C-400 (S-400) տիպի հրթիռային համակարգերի վաճառքի տարի:
«Մենք մեծ նշանակություն ենք ընձեռում հատկապես այն համատեղ ջանքերին, որոնք գործադրվում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում», - հայտարարում էր Ռեջեփ Էրդողանը:
Բանակցությունների մյուս կարևորագույն թեման 2016 թվականին նկատված անկումից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական կապերի վերականգնումն էր: Այս առումով, ըստ Վլադիմիր Պուտինի, կողմերին արդեն իսկ հաջողվել է լուրջ հաջողություններ արձանագրել` տնտեսական հարաբերությունները հասցնելով նախաճգնաժամային մակարդակին:
«Կարելի է ասել, որ մեր հարաբերությունները գործնականում վերականգնվել են ողջ ծավալով: Դա են վկայում նաև ապրանքաշրջանառության աճող ծավալները: Այդ աճը 2017 թվականի ինը ամիսներին 36 տոկոս է կազմել: Մենք բոլոր հիմքերն ունենք ակնկալելու, որ մեզ կհաջողվի ամբողջությամբ փոխհատուցել նախորդ տարի արձանագրված անկումը», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը:
Չի բացառվում, ի դեպ, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի նախագահը կրկին մեկնի Թուրքիա: Այդ մասին երեկ հայտարարեց նրա թուրք գործընկերը:
«Մենք ակնկալում ենք, որ արդեն առաջիկա շաբաթներին տեղի կունենա «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությունը: Մեր ցանկությունն է, որպեսզի այդ արարողությանը ներկա գտնվի նաև նախագահ Պուտինը, եթե իհարկե նրա օրակարգը նման հնարավորություն ընձեռի», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ առաջին թուրքական ատոմակայանի շինարարությունն իրականացնում է "РосАтом" պետական կորպորացիան: Ռուսական կողմը խոստանում է ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին: