Մատչելիության հղումներ

Տարկետմանն առնչվող վիճահարույց օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ավարտվեց


ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ
ԱԺ նիստերի դահլիճում, արխիվ

Խորհրդարանն այսօր մեկուկես ժամում ավարտեց զինապարտության մասին վիճահարույց օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Այդ օրինագծով, հիշեցնենք՝ փաստացիորեն նախատեսվում է վերացնել ակադեմիական տարկետումը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկումները կայացան չնայած հանգամանքին, որ նախագծի դեմ բողոքող ուսանողների մի խումբ դասադուլից բացի դիմել է նաև բողոքի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, Ազգային ժողովից պահանջելով կասեցնել նախագիծը: Այսօր խորհրդարանում պատգամավորներից մի քանիսը, նաև հարցի զեկուցող՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ուսանողներին կոչ արեցին դադարեցնել հացադուլը: ՀՀԿ խմբակցությունից Մարգարիտ Եսայանն ասաց՝ ուսանողների բողոքը լսվել է:

«Տղաներին ընդունել է երկրի վարչապետը, պաշտպանության նախարարը: Պաշտոնատար այլ անձինք լսել են տղաների բողոքը և ականջալուր են եղել: Եվ բոլոր այն առաջարկները, որոնցով այսպես կամ այնպես հնարավոր էր լինելու փոփոխության ենթարկել [նախագիծը], կարծում եմ հարգանքով է ընկալվել և հարգալից վերաբերմունք է եղել ուսանողների բողոքի հանդեպ: Մենք այսօր չենք կարող մեզ դնել համապատասխան կենդանու տեղը և հաշվի չառնել, որ ուսանողները դուրս են եկել դասադուլի: Ես ուղղակի խնդրում եմ բոլոր ուսանողներին՝ վերադառնալ իրենց դասերին, ովքեր հացադուլ են հայտարարել՝ դադարեցնել հացադուլը, որովհետև այս օրենքը վստահաբար չի խանգարելու գիտության զարգացմանը»,- հայտարարեց Մարգարիտ Եսայանը:

Հանրապետական խմբակցությունից Հայկ Բաբուխանյանն ուսանողական ցույցերի հետևում արտաքին ազդեցություն նկատեց, նշելով․ «Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, ազդեցության տակ է Սորոս կոչվող չարիք երևույթի: Սորոսի գործունեությունը ոչ միայն դատապարտվել և արգելափակվել է Ռուսաստանում, մի շարք այլ երկրներում, այլև վերջերս Միացյալ Նահանգների նախագահ ընտրված Թրամփի կողմից»: «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը արձագանքեց․ «Այ ձեր ցավը տանեմ դուք, ձեր կառավարությունը, կասեցրեք Սորոսի էլ, մյուսների էլ գործունեությունը: Արգելեք: Եթե էդքանից հետ ձեր մեծամասությունը և ձեր կառավարությունը չի կասեցնում և արգելում սորոսների և մյուսների գործունեությունը, ուրեմն, կներեք, դուք ամենամեծ ծախված և օտարերկրյա շպիոն քաղաքական ուժի ներկայացուցիչ եք»:

Քննարկմանը ներկա չէր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անհասկանալի է պաշտպանության նախարարի բացակայությունը, մանավանդ առաջին ընթերցման ժամանակ նրա, թույլ տվեք ասել՝ ցինիկ եզրափակիչ խոսքից հետո, որին անդրադառնալու առիթ մինչև այս պահը չեմ ունեցել: Սա առաջին առիթն է, և ես պետք է մի շարք հարցադրումներ անեմ: Ընդհանրապես պաշտպանության նախարարն այս ամբիոնից արեց մի շարք հայտարարություններ, որոնք, թույլ տվեք ասել, խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանն էս ամբիոնից ասում է՝ ես որպես քաղաքական գործիչ, ես քաղաքական գործիչ․․․այ ժողովուրդ ջան, էս մարդն իր ողջ գործունեությունը անցկացրել է տարբեր պաշտոնյաների ընդունարաններում:

Եվ թույլ տվեք ասել, որ ընդհանրապես՝ հիմա եթե որևէ մեկը մտածում է, որ ինքը պաշտպանության նախարար է, ինքն իրավիճակը լավ չի հասկանում: Վիգեն Սարգսյանն էսօր էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է և աշխատում է պաշտպանության նախարարի կաբինետում: Եվ ընդամենը: Ոշադրություն դարձրեք, որ ամենահզոր ուժային կառույցներից երեքից երկուսի ղեկավարների կաբինետներում աշխատում են Սերժ Սարգսյանի ռեֆերենտները»:

Քանի որ մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը գրավոր առաջարկներ չէին եղել, պատգամավորները նաև զեկուցողներին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան: Արտակ Զաքարյանն իր եզրափակիչ խոսքում վստահեցրեց․ «Մեր նպատակը չէ՝ վնասել կրթությանը և մեր նպատակը չէ՝ ամեն գնով տանել տանել ծառայության»: Նախագիծն, ամենայն հավանականությամբ, քվեարկության կդրվի վաղն առավոտյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG