Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն այսօր կոչ արեց այնպես անել, որպեսզի բանակն ու մասնագետների պատրաստման համակարգը միմյանց չհակադրվեն:
Ավելի քան տասը տարի ակադեմիան գլխավորող Ռադիկ Մարտիրոսյանը նման կերպ արձագանքեց զինապարտության մասին վիճահարույց օրինագծի դեմ մոտ մեկ շաբաթ շարունակվող ուսանողների դասադուլին:
«Պրոբլեմը կայանում է հետևյալում, որ եթե մենք քննարկում ենք երկու համակարգ՝ բանակ և մասնագետների պատրաստում, պետք է այնպես լինի, որ սրանք իրար չհակադրվեն, որովհետև, ըստ էության, եթե մենք մասնագետների պատրաստելու փոխարեն երիտասարդներին ուղարկում ենք բանակ, թվում է, թե բանակի հարցը լուծում ենք ի հաշիվ երկրին մասնագետներ պատրաստելու: Այսպես պիտի չլինի, որովհետև կստացվի, որ մենք մի բնագավառի խնդիրները լուծում ենք մյուսի հաշվին»
Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ուշագրավ տվյալներ ներկայացրեց: Պարզվում է՝ գիտելիքահենք տնտեսություն և նման տնտեսության վրա խարսխված պետության մասին նախագահ Սերժ Սարգսյանի և տարբեր վարչապետների տարիներ ի վեր հնչեցրած հայտարարությունների ֆոնին՝ գիտությանը հատկացվող ֆինանսավորմամբ տարածաշրջանում Հայաստանը ամենավերջին տեղում է:
ԳԱԱ նախագահի խոսքով, եթե գիտությանը Հայաստանի իշխանությունները հատկացրել են երկրի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, ապա, օրինակ, Ադրբեջանը՝ 0.6 տոկոսը, իսկ Վրաստանը՝ 0.4 տոկոսը: Ընդ որում, Հայաստանի ՀՆԱ-ն տարածաշրջանում ամենափոքրն է:
«Այս տարածաշրջանում չկա մի երկիր, որ գիտությանը տրամադրված պետական միջոցները մեզանից քիչ լինի», - նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Գրեթե մեկ շաբաթ առաջ իր նստավայրում ընդունելով Երկրորդ համահայկական գիտական համաժողովի մասնակիցներին՝ հայազգի ճանաչված գիտնականների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և մի շարք այլ երկրներից, նախագահ Սերժ Սարգսյանը վերստին խոսեց գիտելիքահենք տնտեսության մասին:
«Մենք այլ ճանապարհ չունենք, բացի գիտելիքահենք տնտեսության վրա խարսխված պետություն կառուցելը», - մասնավորապես, ասել էր Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանի այս խոսքերն ուշագրավ են նաև այն առումով, որ գալիք տարվա պետբյուջեի նախագծով իշխանությունները կրճատել են գիտությանը հատկացվող ֆինանսավորումը: Եթե այս տարի գիտությանն ուղղված միջոցները կազմում են 14 միլիարդ 276 միլիոն դրամ, ապա 2018թ․ պետբյուջեի նախագծով՝ 14 միլիարդ 275 միլիոն:
Ուշագրավ է, որ գիտությանը հատկացվող ֆինանսավորման կրճատման ֆոնին կառավարությունն անցած շաբաթ կարողացավ պետբյուջեից 17 միլիոն դրամ հատկացնել «Փի-Արտ» ընկերությանը՝ ռուսաստանյան «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի արտոնագրի գնման համար:
Ռադիկ Մարտիրոսյանն այսօր ներկայացրեց ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ UNESCO-ի տվյալները տարածաշրջանի տասը երկրների գիտական արդյունքների վերաբերյալ: Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Իսրայելի հետ նույն ցանկում Հայաստանը չորրորդ տեղում է: 2016թ․ հրապարակված տվյալներով՝ յուրաքանչյուր մեկ միլիոն մարդու բաժին են հասել հայաստանյան գիտնականների հրապարակած 232 գիտական աշխատանքներ՝ միջազգային հեղինակավոր ամսագրերում: Մինչդեռ, օրինակ, Ադրբեջանի դեպքում այդ թիվը 45 է, Վրաստանի պարագայում՝ 122: Իսկ առաջին երեք հորիզոնականում են՝ Իսրայելը (1431), Իրանն (326) ու Թուրքիան (311):
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին այսօր խնդրեցինք արձագանքել՝ մի կողմից Հայաստանի իշխանությունները խոսում են գիտելիքահենք տնտեսության մասին, մյուս կողմից գիտությանը հատկացվող ֆինանսավորմամբ տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղում է:
«Առաջին հերթին մենք պետք է ունենանք տնտեսություն, որ այս տնտեսությունը ինքը կարիք ունենա նոր գաղափարների: Եթե տնտեսությունը չկա՝ այդ գաղափարները կիրառելու տեղ չկա, եթե կոպիտ ասենք», ֊ նշեց Ռադիկ Մարտիրոսյանը: