Եվրախորհրդարանի ավելի քան չորս տասնյակ պատգամավորներ նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ դատապարտելով լրագրող Աֆղան Մուխթարլիի նկատմամբ վերաբերմունքն ու կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան:
«Ազատազրկման առաջին ամսվա ընթացքում լրագրողին թույլ չի տրվել նույնիսկ մեկ անգամ հեռախոսազրույց ունենալ ընտանիքի անդամների հետ, մինչ նրա փաստաբանները ահազանգում են ֆիզիկական ճնշումների ու պաշտպանական նյութերի առգրավման մասին», - ասված է «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված նամակում:
Հաղորդագրությունը Բաքու է ուղարկվել Բրյուսելում հաջորդ շաբաթ կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ, որտեղ, ակնկալվում է, որ Ադրբեջանի նախագահը հանդիպելու է Եվրամիության առաջնորդների հետ:
Մուխթարլին, որ հայտնի էր Ալիևի հասցեին իր սուր քննադատությամբ, առևանգվել էր Վրաստանի մայրաքաղաքից մայիսի 29-ին՝ հաջորդ օրը հայտնվելով Բաքվի կալանավայրում, մինչ այժմ անհայտ հանգամանքներում: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության մեջ, ինչը իրավապաշտպան կազմակերպությունները քաղաքական հետապնդում են որակում: