Ռուսաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող Russia Today (RT) հեռուստաընկերությունը Միացյալ Նահանգներում գրանցվել է տասնյակ տարիներ գործող օրենքին համապատասխան, որի նպատակն է սահմանափակել այլ երկրների կառավարություններին ԱՄՆ-ում քարոզչություն տարածելը։ Գրանցման համար հեռուստաընկերության՝ նոյեմբերի 10-ին ներկայացրած դիմումը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ընդունել է նոյեմբերի 13-ին:
«Ամերիկացիներն իրավունք ունեն իմանալ, թե ով է գործում Միացյալ Նահանգներում՝ ազդելու Միացյալ Նահանգների կառավարության կամ հանրության վրա օտարերկրյա ղեկավարների անունից», - հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարի օգնականի պաշտոնակատար Դեյնա Բենթեյը: Սա գերատեսչության առաջին մեկնաբանությունն է տվյալ թեմայով:
Բենթեյը նաև ընդգծել է, որ օտարերկրյա կառավարությունների գործակալներին հանրությանը իրենց մասին հիմնական տեղեկատվությունը բացահայտել խնդրելը «չի խոչընդոտում արտահայտվելու ազատությունը և չի սահմանափակում տարածվող տեղեկատվության բովանդակությունը»:
RT-ը, հիշեցնենք, պնդում է, որ ԱՄՆ-ում որպես օտարեկրյա գործակալ գրանցվելու պահանջը հակասում է Միացյալ Նահանգների Սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատության սկզբունքին: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ քայլեր է ծրագրում ի պատասխան RT-ի դեմ «ամերիկյան ճնշումների»:
Նահանգներում որպես օտարերկրյա գործակալ են գրանցված նաև Հարավային Կորեայի կողմից ֆինանսավորվող KBS հեռուստաընկերությունը, չինական պետական China Daily թերթը, Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող NHK հեռուստառադիոընկերությունը: