Մատչելիության հղումներ

Վիրավոր զինվորին արտերկրում վիրահատելու գումար պետությունը չի հատկացնում


Ծանր վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանը
Ծանր վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանը

Ռուսաստանից վերադարձած և կամավոր բանակ զորակոչված՝ 2016 թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ալբերտ Դալլաքյանը ծառայության ընթացքում գլխի ծանր վիրավորում էր ստացել, ըստ պաշտոնական վարկածի՝ զինակից լեյտենանտի գնդակից։ Գործն այժմ քննվում է Լեռնային Ղարաբաղի դատարանում:

Գրեթե մեկ ու կես տարի է՝ 21-ամյա երիտասարդը հիվանդանոցում է։ Արդեն վերականգնվել է նրա խոսքը, տեսողությունը, կիսով չափ նաև հիշողությունը։ «Սկզբում ջուր բառն էլ չէի կաողանում ասել»,- ասում է Ալբերտը: Ամենաբարդ՝ գլխի անոթային վիրահատությունը, սակայն, դեռ առջևում է, դեռ հայտնի չէ՝ այն Հայաստանու՞մ կիրականացվի, թե ոչ:

Մոր՝ Արմինե Ղազարյանի խոսով՝ Հայաստանում որևէ երաշխիք չեն տվել, որ վիրահատությունից հետո որդին կապաքինվի։ Զինվորի մոր փոխանցմամբ՝ տղայի վիրահատությունն արտերկրում կազմակերպելու համար պաշտպանության նախարարությունը ծնողներին առաջարկել է ինքնուրույն գտնել կլինիկաներ, որոնք կստանձնեին այդ բարդ վիրահատությունը: Գտնելուց հետո, սակայն, մոր խոսքով, ՊՆ-ից ասել են՝ թանկ է, միջոցներ չկան։

Ավելի քան մեկ տարի տարբեր հիվանդանոցներում բուժվող Ալբերտի դեղերի գումարն էլ բարերարներն են հատկացրել՝ «Ամերիկայից..»: Առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Ալբերտ Դալլաքյանին «միանշանակ» վիրահատություն է անհրաժեշտ և այն հնարավոր է իրականացնել Հայաստանում։ Ի զարմանս երիտասարդի ծնողների, հանրապետության գլխավոր նյարդավիրաբույժը կարծիք է հայտնում, թե հրազենային վնասվածքի հատվածում վերջերս հայտնաբերված անոթային խնդիրը հրազենային վիրավորման հետ կապ չունի, այն բնածին արատ է։ Ալբերտի մայրը, մինչդեռ, բացառում է բժշկի այդ պնդումը:

Հուսահատ ծնողներն այժմ սեփական ուժերով են փորձում գումար գտնել՝ վիրահատությունն արտերկրում իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG