Դասադուլի հինգերորդ օրը ուսանողները փորձեցին ցույց տալ, որ տարկետման նոր կարգի դեմ բողոքողները փոքրամասնություն չեն, ինչպես իշխանություններն են պնդում: Վաղ առավոտից շրջելով ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետների, ինչպես նաև այլ բուհերի մոտով՝ ակցիայի մասնակիցները պաշտպանության նախարարության ներկայացրած օրինագծի կողմնակիցներին բարձրախոսով հորդորում էին դուրս գալ, ներկայացնել իրենց փաստարկները, համոզել, որ նոր օրենքը գիտությանը չի վնասի:
Որևէ արձագանք չստանալով՝ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Վահան Կոստանյանը որոշեցին մուտք գործել մասնաշենքեր: Սոցիոլոգիայի, Կիրառական մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետների երկու հարկերում լսարանները դատարկ էին, նրանք չհանդիպեցին դասի եկած որևէ ուսանողի: «Դասադուլին մասնակցելու երկու ձև կա, մեկը՝ ակտիվ, երբ ուսանողները գալիս և կանգնում են մեր կողքին, երկրորդ՝ երբ իրենք ընդամենը բոյկոտում են դասերը: Այս պահին մենք տեսնում ենք, որ ուսանողների մեծ մասը բոյկոտում է դասերը և չի գալիս դասի»,- ասաց ակիտվիստներից մեկը:
Այսօր ավելի վաղ բողոքի ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը լսարաններում բոլոր սեղանների վրա դասադուլին միանալու կոչ-թռուցիկներ էր թողել: Նա նկատեց՝ հատուկենթ թղթեր են մնացել, դասի եկած ուսանողները տեսել էին դրանք: «Այն, որ մարդիկ ուղղակի բոյկոտում են դասերը, խոսում է այն մասին, որ բողոքի ակցիային իրենք իրենց ձևով մասնակցում են»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:
Նշենք, որ դասադուլավորները մտավախություն են հայտնում, թե «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»՝ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։ Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:
Ցուցարարների հետ հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, սակայն դասադուլավորները հայտարարել են, որ դժգոհ են հանդիպումների արդյունքներից, և նշել, որ պայքարը շարունակելու են։