Մատչելիության հղումներ

Յըլդըրըմ․ Թուրքիան ստիպված էր ձեռք բերել C-400-ը


Ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգ, արխիվ
Ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգ, արխիվ

Թուրքիան ստիպված էր ձեռք բերել ռուսական C-400 (S-400) զենիթահթիռային համակարգը, Միացյալ Նահանգներում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«C-400-ը մեր նախասիրությունը չէր՝ դա անհրաժեշտություն է, մենք ուզում էինք հակաօդային համակարգեր ձեռք բերել ՆԱՏՕ-ի անդամ պետություններից, բայց չենք ստացել անհրաժեշտ աջակցությունը Միացյալ Նահանգների կողմից: Մտադիր չենք հրաժարվել ՆԱՏՕ-ից: Համագործակցությունը Ռուսաստանի հետ մեզ պետք է, քանի որ մենք չունենք հակաօդային ժամանակակից համակարգ», - Թուրքիայի վարչապետի խոսքերն է մեջբերում Hurriyet թերթը:

Յըլդըրըմի հավաստմամբ՝ նման համակարգի բացակայության պատճառով Թուրքիան չի կարողացել չեզոքացնել Սիրիայի տարածքից արձակված 71 հրթիռ, ինչի հետևանքով 29 մարդ է զոհվել Թուրքիայում:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան Մոսկվայի հետ արդեն ստորագրել է C-400 համակարգերի ձեռքբերման մասին համաձայնագիրը, և կանխավճարն արդեն փոխանցվել է:

Ռուսական «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմոզովը ՏԱՍՍ գործակալությանը որոշ մանրամասներ էր հայտնել ռուս - թուրքական համաձայնագրի վերաբերյալ, մասնավորապես ասել էր, որ գործարքի արժեքը գերազանցում է 2 միլիարդ դոլարը, երկու տարվա ընթացքում Թուրքիան կստանա արդեն ռուսական հրթիռները:

Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմայիլ Դեմիրը նոյեմբերի 11-ին պաշտոնապես հայտարարեց, որ ռուսական C-400 համակարգի շուրջ գործարքի հարցը վերջնականապես լուծված է, ընդ որում՝ ռուսական կողմը գործարքի համար վարկ է տրամադրել թուրքական կողմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG