Մատչելիության հղումներ

Եթե ֆորս-մաժոր չլինի, ԵՄ-ի հետ փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերի 24-ին․ Աշոտյան


Քննարկում Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրման շուրջ, Երևան, 11-ը նոյեմբերի, 2017 թ․
Քննարկում Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առաջիկա ստորագրման շուրջ, Երևան, 11-ը նոյեմբերի, 2017 թ․

Եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ, Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 24-ին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այսօր կայացած քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Կարևորելով Եվրոպական միության հետ ստորագրվող նոր փաստաթուղթը, Աշոտյանը հայտարարեց՝ այս կերպ Հայաստանի անունն այլևս չի նույնականացվի Ադրբեջանի հետ, որը ևս բանակցում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու շուրջ։

«Մենք կարծեք թե առնվազն մեկ-մեկուկես տարի առաջ ենք Ադրբեջանից: Ադրբեջանը ևս բանակցում է շրջանակային համաձայնագրի շուրջ, այնտեղ կան բավական խնդիրներ, կարող եմ ձեզ, այսպես ասած, ներքին ինֆորմացիա տալ, որևովհետև լուրջ փստաթուղթ ստանալու համար ԵՄ-ի ներկայացուցիչները պնդում են, որ Ադրբեջանը պետք է ավելի լավ աշխատի մարդու իրավունքերի և քաղաքացիական հասարակության ուղղությամբ»,- ասաց Աշոտյանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համաձայն է իշխանական թևի իր գործընկերոջ այս մտքի հետ, բայց, միևնույն ժամանակ, պնդում է՝ Հայաստանն այս փաստաթուղթն ավելի վաղ կարող էր ունենալ։ 2013-ից մինչև այսօր իզուր ժամանակ ենք կորցրել, ասում է ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորն ու շարունակում․ «Այս 4 տարիների ընթացքում, մեր գնահատմամբ, Հայաստանը տարբեր ոլորտներում ռեգրես է ապրել»:

Մարուքյանը կրկին հիշեցնում է 2013 թվականը, պնդելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը «մեկ գիշերվա մեջ որոշում կայացրեց» միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը՝ հրաժարվելով ԵՄ-ի հետ 3 տարի շարունակ բանակցված Ասոցացման համաձայնագրից։ Արմեն Աշոտյանը հակադարձում է իր ընդդիմադիր գործընկերոջը՝ Երևանն անգամ այդ ժամանակ էր պատրաստ ստորագրել Աասոցացման համաձայնագրի միայն քաղաքական հատվածը։ «Այսօրվա քաղաքական հատվածը գրեթե չի տարբերվում այն ժամանակվա [համաձայնագրի] հատվածից: Չեմ ուզում ետևից խոսել, բայց Եվրահանձնաժողովն այն ժամանակ բավականաչափ ճկուն չգտնվեց»,- ասաց Աշոտյանը: Մարուքյանը, միչդեռ, ասաց՝ այդ ժամանակ «մենք խայտառակ ենք եղել»:

Պատգամավորների բանավեճին միջամտեց միջազգային հարցերով փորձագետ, խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը։ Փորձագետը հայտարարեց՝ Հայաստանը երբեք նման առաջարկ Եվրամիությանը չի արել։ «Այնտեղ նստած ՀՀ ներկայացուցիչը երբեք այդ հարցը չի բարձրացրել, որ՝ եկեք մենք ստորագրենք քաղաքական մասը, տնտեսականը չստորագրենք: Հակառակը՝ մեր հիմնական բանակցությունները եղել են հենց տնտեսական մասի շուրջ: Եվ երբ Հայաստանը հրաժարվեց Վիլնյուսում դա ստորագրելուց, մենք դեռ չգիտեինք, թե ԵՏՄ-ն ինչ է լինելու»,- հիշեցրեց Իգիթյանը:

Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում կա մի կետ, որի հետ կապված կարող են բախվել ԵՄ-ի և ԵՏՄ-ի շահերը․ դա բնական մենաշնորհի դեմ պայքարի հատվածին է վերաբերում․ «Ռուսական կազմակերպությունները շատ կըմբոստանան, եթե մենք ցանկանանք կոռուպցիայի դեմ պայքարել «Գազպրոմի», երկաթգծի և այլ ռուսական ընկերությունների հետ կապված, բայց դա կիրականացնենք»: Իգիթյանի բարձրացրած այս հարցն ուղղեցինք հանրապետական Արմեն Աշոտյանին, հետաքրքրվելով՝ ինչպե՞ս է փորձելու գործող իշխանությունը լուծել այդ խնդիրը։ «Մենք կխոսեքն այդ մասին, երբ դա արդեն օրակարգային հարց կլինի»,- պատասխանեց Աշոտյանը:

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն էլ նշեց․ «Այս ստորագրումից ու վավերացումից շաը բան չսպասեք, այլապես վերջում կհիասթափվեք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG