Մատչելիության հղումներ

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի՝ ուշ երեկոյան կայացած նիստն անակնկալի է բերել պայքարող ուսանողներին


Խորհրդարանի դարպասների մոտ, Երևան, 10-ը նոյեմբերի, 2017 թ․
Խորհրդարանի դարպասների մոտ, Երևան, 10-ը նոյեմբերի, 2017 թ․

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին երեկ ի վերջո հաջողվեց նիստ գումարել։ Ժամը 18-ին քվորումի բացակայության պատճառով հետաձգված նիստն արտահերթ կարգով ուշ երեկոյան՝ ժամը 21-ին մեկնարկեց։

Զինվորական ծառայության մասին վիճահարույց օրինագծով տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող ուսանողների համար դա անակնկալ էր, նրանք սկսեցին հավաքվել խորհրդարանի շենքի դիմաց։ Այդ ընթացքում Ազգային ժողովի ներսում հանձնաժողովի 3 հանրապետական և մեկ դաշնակցական անդամները, ընդդիմադիր պատգամավորների բացակայության պայմաններում, պաշտպանության, զինվորական ծառայության և սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին նախագծերին միաձայն կերպով դրական եզրակացություն տվեցին։

Այսպիսով՝ նշված օրինագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կքննարկվեն խորհրդարանի՝ առաջիկա երեքշաբթի մեկնարկող լիագումար նիստում։ Հարցով զեկուցող՝ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հանձնաժողովի անդամներին ասաց, որ զինվորական ծառայության մասին նախագծի հետ կապված որոշ առաջարկներ ընդունել են, որոշներն էլ մերժել: Արդյունքում՝ օրենքի նախագիծը, նրա խոսքով, գործնական տեսք է ստացել։ «Առաջարկում են, որ այն որքան հնարավոր է՝ շուտ ուժի մեջ մտնի, որովհետև գոյություն ունեն շատ խնդիրներ, որոնք մենք ցանկանում ենք նորովի կարգավորել: Դրանք հենց ընկած են բարեփոխումների տրամաբանության հիմքում»,- ասաց Զաքարյանը:

Մինչ իշխանական պատգամավորները ներսում նիստ էին գումարում, խորհրդարանի դիմաց բողոքի ցույց էին անցկացնում մի քանի տասնյակ ցուցարարներ։ Նրանց թիվը գնալով ավելանում էր, խորհրդարանի տարածքը բոլորող ճաղերի վրա «Տարկետում լինելու ա» պաստառն էր փակցված, ինչը ոստիկանների հետ վիճաբանության պատճառ դարձավ։ Ոստիկանները պաստառը հեռացնելու համար երիտասարդներին ժամանակ տվեցին։

Ցույցերը համակարգող խմբի անդամ Վահան Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը, փաստորեն, իրենց՝ նիստին մասնակցելու խնդրանքը մերժեց, և անգամ առաջարկություններով նամակն անտեսեցին: Նիստի գումարումն էլ իրենց համար անակնկալ էր: «Շատ շոկային էր էն, ինչ տեղի ունեցավ: Էն տպավորությունն էր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կոպիտ ասած գցում են»,- «Ազատությանն» ասաց Վահան Կոստանյանը:

Արտահերթ նիստի անցկացմանը նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցկացնող Ալիկ Սարգսյանն անդրադարձավ: Ասաց, որ քվորումի բացակայության պատճառով հետաձգված նիստն ի վերջո արտահերթ կարգով անցկացվեց, քանի որ հանձնաժողովի 4 անդամներն էին նման խնդրանքով հանդես եկել։ Երեկվա նիստին մասնակցում էին հանրապետականներ Միհրան Պողոսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, նիստը վարող Ալիկ Սարգսյանը և դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը։

Նիստի ավարտից հետո էլ դրսում ցույցը դեռ չէր դադարել․ ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում երիտասարդները հեռացրեցին խորհրդարանի բակի ճաղերի վրա փակցված պաստառը։ Նախաձեռնող խմբից Դավիթ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց խաբված չեն համարում, բայց լավ չէ, որ ընտրությունների միջոցով ձևավորվող մարմինը նման քայլ է անում։ «Հիմնավորում չի բերվել, թե ինչու է նիստն արագ գումարվում ժամը 21-ին՝ ոչ աշխատանքային ժամին: Դա շուրջ կասկածներ է առաջացնում: Եվ սա կոնկրետ վերաբերում է մի քաղաքական ինստիտուտի, որն, ըստ նոր Սահմանադրության, գլխավոր քաղաքական ինստիտուտն է»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: Նրա կարծիքով՝ սա պարտություն է այն մարդկանց համար, ովքեր նման քաղաքականություն են տանում:

Այսօր և վաղը բողոքի ցույցեր նախատեսված չեն, նախաձեռնող խմբի անդամները քննարկումներ են անցկացնում, որից հետո իրենց հետագա գործողությունների մասին հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք՝ ուսանողները չորս օր շարունակ դասադուլ արեցին՝ բողոքելով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ։ Նրանք կարծում են, որ դա կխոչընդոտի գիտության զարգացմանը։ Համաձայն առաջարկվող օրինագծի, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG