Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանի առաջարկները մերժվել են


«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկություններով ներկայացված՝ յուրաքանչյուր զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով տուգանքը կարող է նվազեցվել: Այս մասին «Ազատությունը» զրուցել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ:

«Ազատություն»․ - Պատգամավորները առաջարկում են նախնական քննարկումների ժամանակ առաջարկված՝ ամեն խուսափած զորակոչի համար սահմանված 500 հազար դրամը նվազեցնել: Որքա՞ն գումար եք այս անգամ առաջարկում:

Աճեմյան․ - Նորից ստացել ենք Կառավարության առաջարկը: Մեր խնդրանքով, մեր հորդորանքով այդ գումարը 500-ապատիկից դարձել է 200-ապատիկ: Կարծում եմ, որ այս գումարը ընդունելի է բոլորիս համար և նաև այնպիսի տեսքի ենք բերել լրամշակված օրինագիծը, որը խնդիրներ չի հարուցում:

Կարծում եմ, որ այս օրինագծի ընդունմամբ մեր բավականին մեծ թվով երիտասարդներ, տղամարդիկ կվերադառնան Հայաստանի Հանրապետություն:

«Ազատություն»․ - Եվ մյուս վիճահարույց դրույթը, որը նաև կարծես թե հակազդեցություն առաջ բերեց իշխող Հանրապետականի պատգամավորների մոտ, որ չպետք է սահմանափակել, ինչպես պաշտպանության նախարարությունն էր առաջարկում, որ սա վերջին անգամն է, որ բանակից կարելի է խուսափել և գումար վճարելով ազատվել բանակից: Այդ դրույթը կամրագրվի՞ օրենքի նախագծում, թե ոչ:

Աճեմյան․ - Ոչ: Լրամշակված տարբերակում արդեն իսկ չկա այդ դրույթը, որովհետև յուրաքանչյուր պատգամավորի սահմանադրական իրավունքն է ներկայացնել օրինագծեր: Այդպիսի դրույթ մենք չենք կարող օրենքով ամրագրել:

«Ազատություն»․ - Այսինքն՝ կարելի է ասել, որ իշխող Հանրապետականը մերժե՞ց Պաշտպանության նախարարության այդ առաջարկը:

Աճեմյան․ - Այո: Մերժվեց առաջարկը, բայց որովհետև նաև հիմնավորվեց ինչու:

«Ազատություն»․ - Որովհետև այդ կերպ այդ երիտասարդներին ետ գալու հնարավորություն չէ՞ր տրվի:

Աճեմյան․ - Ոչ միայն դա, այլ նաև սահմանադրորեն յուրաքանչյուր պատգամավոր ունի օրինագծեր առաջարկելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG