Մատչելիության հղումներ

Ուսանողների հետ բանավիճում են, բայց նրանց չեն լսում. Ամերիկյան համալսարանի դասախոս


Ամերիկյան համալսարանի դասախոս Հայկ Ներսիսյանը կիսում է տարկետման իրավունքի սահմանափակման վերաբերյալ դասադուլ անող ուսանողների տեսակետը՝ նշելով. - «Մեր ձայնը լսելի չէ»։

«Ես լիարժեք կիսում եմ ուսանողների բարձրացրած խնդիրները, ավելին՝ ես ոչ միայն կարծիքն եմ կիսում, այլև ազատ ժամանակ ֆիզիկապես գտնվում եմ նրանց կողքին, քանի որ ևս գտնում եմ, որ մենք լսելի չենք։ Բոլորս ականատես եղանք, որ երեկ տեղի ունեցավ հանդիպում, թվում էր՝ բանավեճ, բայց՝ երկու մոնոլոգներ», - ասաց Ներսիսյանը։

Դիտարկմանը, թե վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տարկետում լինելու է, դասախոսն այսպես արձագանքեց. - «Տարկետման նպատակն, իմ կարծիքով, դա կրթության և գիտության ոլորտը խթանելն է։ Հիմա տարկետման ֆորմատը լրիվ փոխվում է, անունն է մնում նույնը՝ փաստացի տարկետում տրվում է միայն այն ուսանողներին, ովքեր ավարտելուց հետո պետք է ծառայեն որպես սպա բանակում։ Այսինքն՝ իրենք չեն նպաստելու գիտության, կրթության զարգացմանը։ Իրեքն թողում են, որ ավարտեն բակալավրիատը, բայց չեն թողնում շարունակել մագիստրատուրան, չի լինելու որևիցե բակալավր ավարտած, որ ընդունվի մագիստրատուրա։ Չնայած, նշում եմ՝ բացառություններ կլինեն, բայց այդ բացառություններ էլ հակասում են իրենց մեկ այլ պնդման, որ պետք է բոլորը ծառայեն»։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ։

Արդեն չորրորդ օրը դասադուլ անող ուսանողները պահանջում են նախագծի չեղարկում՝ պնդելով, որ այն կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Երեկ դասադուլավորներին ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու կրթության նախարար Լևոն Մկրտչյանը։ Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ուսանողները հայտարարեցին, որ արդյունքներից գոհ չեն և շարունակելու են բողոքի ակցիաները։

Ներսիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG