Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց ընդդիմադիր պատգամավորների հայցը


Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը, որը վերաբերում է անցած տարի Վանաձորի ավագանու ընտրություններից հետո առաջացած խնդիրներին:

Ընդդիմադիր ուժերը բարձր դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում։ 3 ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի», «Բարգավաճ Հայաստանի» և «Հայկական վերածնունդ»-ի 18 անդամները բոյկոտում են նիստերը՝ չներկայանալով դրանց:

Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասն այսօր հակասահմանադրական ճանաչվեց, սակայն այն ուժի մեջ կմնա մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը: Ելք խմբակցության Պատգամավոր Արտակ Զեյլանյանը մեկնաբանեց, թե սա արվեց իրավական քաոսից խուսափելու համար:

«Սակայն քաղաքական իշխանությունը պարտավոր է ամեն ինչ անել օր առաջ այդ հարցը լուծելու համար», - հավելեց Զեյնալյանը:

Սահմանադրական դատարանի այսօրվա կայացած որոշումը կողմերը տրամագծորեն տարբեր կերպ են մեկնաբանում: Հայցի համահեղինակ «Ելք» դաշինքում վստահ են, որ հայցն ամբողջությամբ բավարարված է, մինչդեռ Վանաձորի Հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շարունակում է պնդել՝ ինքը օրենք չի խախտել և գործել է բացառապես օրենքի դրույթներին համապատասխան՝ հղում կատարելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածին: «Ազատության» դիտարկմանը, որ օրենքի որոշ կետեր հակասհամանդրական են չճանաչվել, մինչդեռ ինքը պնդում էր, որ օրենքի սահմաններում է գործում, Ասլանյանն ասաց․ - «Ես հիմա էլ եմ ասում, որ Սահմանադրական դատարանը չի տվել, որ ես օրենքին հակառակ եմ արել որևէ բան, որովհետև այդ որոշումները կայացվել են այդ պահին գործող օրենքով»:

Հիշեցնենք՝ մեկ տարի առաջ Վանաձորի 33 հոգանոց ավագանու նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց իշխող ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, թեև դրանից երկու օր առաջ ավագանու ընդդիմադիր երեք ուժերի միջև ստորագրված հուշագրի համաձայն, ավագանու 18 անդամները պարտավորվել էին քվեարկել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին: Մեկ տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր են ընդդիմադիր կուսակցությունների այն չորս անդամները, որոնք դեմ գնացին իրենց կուսակիցների ստորագրած հուշագրին և իրենց քվեն տվեցին հանրապետական թեկնածուին։

Մարտ ամսից Վանաձորի ավագանու Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները 15 անդամներով նիստեր են գումարում և որոշումներ կայացնում: Ընդդիմադիր ուժերը բոյկոտում և չեն մասնակցում նիստերին:

«Ազատության» հարցին՝ արդյոք ՍԴ որոշումից հետո Մամիկոն Ասլանյանը իրավունք ունի նոր նիստեր գումարել, Արտակ Զեյլանյանը պնդեց՝ այդ դեպքում նա կգործի Սահմանադրության դեմ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան էլ ընդգծեց՝ Ասլանյանը այլևս չի կարող ասել, որ օրենքի շրջանակում է գործում. - «Քաղաքական մեծամասնությունը, ով ըստ էության պատասխանատուն է դրա, որովհետև Հանրապետական մեծամասնության անունից է այդ գործունեությունը իրականացնում, պետք է հետևություններ կատարի` արդյո՞ք շարունակի այդ հակաօրինական, հակասահմանադրական գործունեությունը, թե՞ դադարեցնի դա, միջոցներ ձեռնարկի այդ ճգնաժամը լուծելու համար: Եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի այդ կեցվածքով նման գործունեությունը իրականացնելը, դա կլինի ծաղր Սահմանադրության, սահմանադրականության նկատմամբ»:

«Ազատության» հետ զրույցում, սակայն, Մամիկոն Ասլանյանը չբացառեց, որ նոյեմբերի վերջին նշանակված նիստը կգումարվի. - «Նիստը հայտարարված է, նիստը մենք կբացենք»:

Իր հերթին «Լուսավոր Հայաստանը» ևս չի հստակցենում՝ արդյո՞ք մեծամասնություն ունեցող ընդդիմադիր ուժերը պատասխան քայլով հանդես կգան և առանձին նիստ կգումարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG