Փաստացի, եթե արդյունքն արձանագրենք, որ դասադուլը շարունակվում է, միգուցե կարելի է այդպես մեկնաբանել, որ երեկ չստացվեց ցուցարարների հետ հասնել կոմպրոմիսի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց վարչապետ Կարեն Կարապետյանի ավագ օգնական Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետի և դասադուլավորների հանդիպմանը։
Հիշեցնեն՝ երեկ վարչապետն ընդունեց արդեն երրորդ օրը դասադուլ անող ուսանողներին, որին ներկա էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու կրթության նախարար Լևոն Մկրտչյանը։ Մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ուսանողները հայտարարեցին, որ արդյունքներից գոհ չեն և շարունակելու են բողոքի ակցիաները։
Վարդևանյանն այսօր ընդգծեց՝ վարչապետի կողմից արվել է բավականին կառուցողական և բովանդակային առաջարկություն։
«Մասնավորապես օրենքի նախագծով այն խնդիրը, որը բարձրաձայնում էին ուսանողները՝ ըստ էության տարկետման սահմանափակման, կամ ինչպես իրենք են պնդում՝ «տարկետում լինելու է», նախագծով առաջարկված առաջարկությունների շրջանակներում միանշանակ է, որ տարկետում լինելու է։ Արդեն իսկ քննարկումը տեղափոխվել էր մեկ այլ հիմնադրույթի՝ օրենքի նախագծի 21-րդ հոդվածին, որտեղ հստակ սահմանված է, որ բացառիկ դեպքերում կառավարության որոշմամբ տրվելու է տարկետում՝ անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու մասով, սակայն ընթացակարգը, հայտանիշները, չափորոշիչները, թե ովքեր կարող են օգտվել այդ արտոնությունից, բացառիկ նույնիսկ արտոնությունից, հստակեցված չէ օրենքի մակարդակում, այսինքն՝ օրենքն ինքը պատվիրակել է այդ հարցի լուծումը կառավարության ընթացակարգով լուծելուն: Եվ վարչապետն առաջարկում էր, որ աշխատանքային խմբի ձևաչափով կամ համատեղ քննարկումների, այն առաջարկությունները, որոնք ուսանողները կունենային, թե ինչ են իրենք պատկերացնում, ինչպիսի չափորոշիչներ են իրենք պատկերացնում, ներկայացնեին, և դրանք քննարկվեին կառավարության որոշման մշակման փուլում, որն ըստ էության իրենց բարձրաձայնած խնդրի լուծման տարբերակներից մեկն էր: Ուսանողներն այդ առաջարկությունը չընդունեցին, հիմնավորումը, թե ինչու չընդունեցին, վերջիններիս կողմից էլ չներկայացվեց ըստ էության», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարչապետի ավագ օգնականը։
Ուսանողները երեկ հանդիպումից հետո հայտարարեցին, որ վարչապետն առաջարկել է նախ օրենքն ընդունել, ապա նոր առաջարկները քննարկել։ «Սա հիմնականում պարոն Կարապետյանի դիրքորոշումն էր՝ եթե ունեք առաջարկներ, այդ առաջարկներն արեք, օրենքի ընդունումից հետո դա կքննարկվի։ Ստեղ կա սկզբունքային խնդիր․ մենք ասում ենք, որ մեր առաջարկները պետք է քննարկվեն մինչև օրենքի ընդունումը: Նրանք ասին՝ օրենքի ընդունումից հետո միայն կարող է դա լինել», - երեկ ասաց ուսանողներից մեկը։
Հարցին, թե օրենքի ընդունումից հետո էլ ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, Վարդևանյանը պատասխանեց. - «Օրենքի ընդունմամբ գործընթացը չի ավարտվում։ Օրենքի մակարդակում բոլոր հարցերի իրավական կարգավորում նախատեսել պարզապես հնարավոր չէ, այդ պարագայում իմաստազուրկ կլիներ ենթաօրենսդրական իրավական ակտերի անհրաժեշտությունը, և հենց այդ տրամաբանության ներքո օրենքի ընդունումը ենթադրելու է մի շարք այլ իրավական ակտերի, այս պարագայում՝ կառավարության որոշումների ընդունման գործընթաց։ Օրենքն ի՞նչ է ասում, ասում է՝ բացառիկ դեպքերում տարկետում է տրվելու, օրենքի նախագծի 21-րդ հոդվածի մասին է խոսքը։ Այսինքն՝ հենց օրենքի ընդունումն այս տեսքով որևէ կերպ չի արգելափակելու այն գործընթացը, որն առաջարկվել էր, նույնիսկ հակառակը՝ խթանելու է և պարտադրելու է»։
Արամ Վարդևանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.