Մատչելիության հղումներ

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է ավելացնել բյուջետային հատկացումները կրթական ոլորտին


Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը
Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքը

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը մտահոգիչ է համարում կրթությանը պետական բյուջեից հատկացվող գումարների շարունակական նվազումը:

2018 թվականի պետբյուջեի նախագծում, 2017-ի․ բյուջեի հետ համեմատած, կրթությանը հատկացվող գումարները նվազել են 630.9 միլիոն դրամով կամ 0.5 տոկոսով, իսկ 2017-ին՝ 2016-ի համեմատ, գումարը նվազել էր 0.2 տոկոսով: Բացի այդ, Կառավարության 2018-20թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ի համեմատ ոլորտին հատկացվող գումարը նվազեցվելու է: Եթե այս տարի այն կազմում է տնտեսության 2.34 տոկոսը, 2018-ին կլինի 2.18 տոկոսը, 2019-ին՝ 1.99 տոկոսը, իսկ 2020թ․ 1.85 տոկոս:

«Բյուջեի նվազումը կարդարացվեր միայն այն դեպքում, եթե կրթության որակը բարձրացվեր», - կարծում է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը: - Դպրոցները, բուհերը գտնվում են աղետալի վիճակում թե՛ իրենց որակական, թե՛ իրենց շենքային պայմաններով: Էս պայմաններում մենք հարված ենք հասցնում կրթությանը, որը ի վերջո նաև պատասխանատու է մեր բոլոր կենսագործունեության ոլորտների համար»:

Մինչդեռ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը կարծում է, որ կրթությանը հատկացվող ֆինանսավորումը ինչքան շատ լինի, միևնույն է, չի բավարարելու արդյունավետ և որակյալ կրթություն ունենալու համար» - «Այնուամենայնիվ, որ ասեմ՝ այ ֆինանսավորումը պակասել է, հիմա ի՞նչ է լինելու կրթության որակը․․․ Ես ուսումնասիրել եմ, և եթե կոնկրետ վերցնենք հանրակրթության ոլորտում մենք ունեն 48 հազար աշխատող, որից 37 տոկոսը ոչ մանկավարժներ են: Բյուջեի կրճատումը գնալու է այդ 37 տոկոսի աշխատատեղերը ավելի արդյունավետ դարձնելու՝ հիմնականում սպասարկող անձնակազմը կամ այլ ծառայություններ մատուցող: Արդյունավետություն բառը ես ավելի եմ գնահատում, քան օպտիմալացումը, որովհետև մենք միջոցների շատ անարդյունավետ տեղեր ենք ունենում շատ այլ տեղերում»:

Հանրապետական պատգամավորին չի տխրեցնում նաև գիտությանը տրամադրվող ֆինանսավորման կրճատումը․ - «Բայց դա ինձ ուրախացրեց մի փաստ, որ գիտության նպատակային, թեմատիկ ֆինանսավորման մասն է, կարծես, մի քիչ ավելացել: Եվ դա հնարավորություն է տալիս նոր գիտական հայտնագործությունների, գիտական մտքի զարգացմանը»:

Վահրամ Սողոմոնյանը, արձագանքելով Ռուզաննա Մուրադյանին, նշեց, որ կրթական ոլորտում կան մասնագետներ, որոնք ի վիճակի են այդ ոլորտի բարելավումն ապահովել․ - «Եթե ՀՀԿ-ն չի տեսնում այլընտրանք, այս հասարակության մեջ կան այլ մարդիկ, այլ հոսանքներ, որոնք տեսնում են այդ այլընտրանքը, և տեսնում են նաև, որ կրթությունը կարող է ռեսուրս լինել և ռեսուրս է: Միգուցե եթե իրենք չեն կարողանում այդ հարցը լուծել, մի կողմ քաշվեն և թողնեն, որ մյուսները լուծեն: Եթե այսպես շարունակվի, բուհեր ընդհանրապես ոչ ոք չի դիմի, և այս տարվա կատաստրոֆիկ դիմորդների քանակը հաջորդ տարի ընդհանրապես կարող է բազմապատկվել: Պնդումը, որ կրճատումներ կկատարեն, պարզապես տնտեսագիտական է, այն կրթական քաղաքականության հետ որևէ կապ չունի»:

Երևանի «Հայբուսակ» համալսարանի նախկին ռեկտոր, այժմ Կրթության միջազգային ակադեմիայի նախագահ Անահիտ Հարությունյանը, կրթական բյուջեի կրճատումը մտահոգիչ չի համարում: - «Յուրաքանչյուր համալսարան պարտավոր է վերանայել իր ծախսերը», - ասում է նա: - «Պիտի պետական համալսարանական համակարգը փոխվի: Եթե որ ռեկտորը, որ ունի համապատասխան լծակներ, ուժ, ազդեցություն, գնա և պետական համալսարանում, բացի տարբեր մասնագիտություններ, հեռակա, առկա և այլն, ապա ոչ մի բյուջե չի հերիքի: Ոչ մի ծրագիր չի բավարարի դրան: Ուզում եք վաղը 25 տոկոս դրեք բյուջե, տնտեսվարող սուբյեկտը արդար չի իր պատերի մեջ, ինքը մտահոգ չի բյուջեն ճիշտ ծախսելու համար․․․ Դրա համար պետությունը պիտի տեր կանգնի դրան»:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, կարևորելով անարդյունավետ ծախսերի հայտնաբերումը, միաժամանակ տարակուսում է՝ ինչո՞ւ է երկրի համար կարևորագույն ոլորտը անտեսվում: - «Նույնիսկ եթե համակարգում կան անարդյունավետ ծախսեր, ինչի՞ համար է Կառավարությունը: Որպեսզի այդ անարդյունավետ ծախսերը կատարողներին պատժի, բացահայտի․․․ եթե անարդյունավետ են արել, եկեք էդ փողերը ուղղորդենք ավելի նպատակային տեղեր»:

Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, մտահոգիչ համարելով կրթության հատկացվող գումարների կրճատումը, հանրային արշավ է սկսել՝ Կառավարությանը և Ազգային ժողովին առաջարկելով 2018 թվականի պետբյուջեում մեծացնել կրթական բյուջեի մասնաբաժինը, ողջամիտ վերաբաշխել ավելացված կրթական բյուջեն և ապահովել անվճար մանկապարտեզների հասանելիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG