Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Հայաստանի և Մոլդովայի համագործակցության լավ հեռանկարներ կան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Մոլդովայի նախագահի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահի նստավայրում այսօր կայացել են ընդլայնված կազմով հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Պարոն Դոդոնն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում: Եվ նա Մոլդովայի միակ ու առաջին նախագահն է, ով այցելել է Հայաստան: Այս այցը խորհրդանշական է նաև այն պատճառով, որ տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում»:

«Հարցերի շրջանակը, որոնց անդրադարձել ենք, լայն էր: Քննարկումների ընթացքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել զարգացնելու համագործակցությունը, իրացնելու երկկողմ հարաբերությունների մեծ ներուժը: Անցած տարի Քիշնևում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը դիտարկում ենք որպես գործնական քայլ այդ ուղղությամբ», - նշել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հատուկ ուշադրություն են հատկացրել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանը: «Չնայած այն փաստին, որ Հայաստանի և Մոլդովայի միջև 2017 թվականի առաջին ինն ամիսների առևտրաշրջանառությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով, ընդ որում՝ հայկական արտադրանքի արտահանումը՝ 2.1 անգամ, մենք չենք կարող բավարարվել դրանով, և անհրաժեշտ է աջակցություն ցուցաբերել բիզնեսին, որպեսզի աճի այդ միտմանը հաղորդենք կայուն բնույթ: Կարծում եմ, որ տնտեսության մեջ համագործակցության ավանդական ուղղությունների հետ մեկտեղ, մեր երկրներին անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել բարձր տեխնոլոգիաներին, նորարարություններին», - ասել է նա:

«Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է նաև Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով երկու երկրների միջև կապերն ավելի ակտիվ կզարգանան: «Հայաստանի և Մոլդովայի համագործակցության համար լավ հեռանկարներ կան: Դրա համար առկա են բոլոր պայմանները», - ասել է Հայաստանի նախագահը:

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իգոր Դոդոնի՝ երեկոյան Սերժ Սարգսյանի անունից կտրվի պաշտոնական ընդունելություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG