Մատչելիության հղումներ

Ուսանողների մեծ մասը դեմ չէ զինծառայության մասին օրենքին. Շարմազանով


Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով

Իշխող Հանրապետականի (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, ուսանողների մեծ մասը դեմ չէ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, որով արմատապես փոխվում է տարկետման իրավունքը:

«Ազատության» հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը շեշտում է՝ դե ֆակտո Հայաստանում ուսանողների 90 տոկոսը տարկետման իրավունքից վաղուց չի օգտվում:

Նկատենք՝ Կրթության նախարարության տվյալներով՝ տարեկան տարկետման իրավունքից օգտվում է ընդամենը 500-ից 600 ուսանող:

«Ազատություն». - Դուք կարծում եք, որ այս ցույցերը չե՞ն վերաճի այնպիսի մի մեծ շարժման, որը, ի վերջո, կարող է ստիպել ձեզ որոշակի փոփոխությունների գնալ։

Շարմազանով. - Ես չգիտեմ, թե այս ցույցերը ինչի կվերաճեն, կվերաճեն, թե՝ չեն վերաճի։ Ես պարզ մի բան եմ տեսնում, որ ուսանողության մեծամասնությունն այդ կարծիքին չէ, կա մի փոքր հատված, որն ունի իր կարծիքը, որը համամիտ չի պաշտպանության նախարարության ներկայացրած տեսակետի հետ, դա էլ բնական եմ համարում, դա ժողովրդավարություն է։

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ ուսանողության մեծ մասը համաձայն չէ ցուցարարների հետ։

Շարմազանով. - Նաև այն ուսանողների կարծիքներից, ովքեր կողմ են։

«Ազատություն». - Կարծում եք, որ այսօր ուսանողների մեծամասնությունը կո՞ղմ է զինծառայության մասին օրենքին։

Շարմազանով. - Համենայն դեպս, դեմ չէ։ Ես չեմ տեսել տենց բան։ Հայաստանում կան տասնյակ բուհեր, եթե տասնյակ բուհերից միայն մի բուհում է միտինգ, այն էլ մի մասով, 87 հազար ուսանող ունենք, քանի՞սն են միտինգի։

Իշխող Հանրապետականի խոսնակը հիշում է՝ 1996 թվականին, երբ ինքն էլ էր ուսանող, նախագահի նստավայրի առաջ ցույցերի ու անգամ հացադուլի է մասնակցել, սակայն այն ժամանակ իրենք ոչ թե տարկետման հարց էին բարձրացնում, այլ պահանջում էին ուսանողների իրավունքների վերականգնում՝ թոշակների բարձրացում, ուսման վարձերի զեղչում նաև զինվորական ամբիոնների վերստեղծում, ինչն, ըստ Շարմազանովի, այսօր առաջարկվող «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվում է:

Շարմազանովը շեշտում է՝ այսօր լրիվ այլ իրավիճակ է՝ ի տարբերություն 1996-ի, այսօր պաշտոնյաները պատրաստ են լսել ցուցարար ուսանողներին:

Շարմազանով. - Այսօր Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է նրանց ընդունում, քննարկում, Վիգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարար, ինքն է պատրաստակամություն հայտնել նրանց հետ հանդիպել, բայց, դժբախտաբար և ափսոսանքով պետք է նշեմ, որ այդ միտինգավոր ուսանողները մերժեցին պաշտպանության նախարարի առաջարկը։

«Ազատություն». - Նրանք պատճառներ ունեն, ասում են, որ այդ հանդիպմանը նաև կանչել են ապրիլյան պատերազմի մասնակիցներին, ինչը նրանք «կեղտոտ քայլ» են որակում՝ ընդգծելով, որ չի կարելի հակադրել բանակը՝ զինվորին, երիտասարդությանը։

Շարմազանով. - Լավ են արել։ Իրենք պետք է որոշե՞ն՝ նախարարն ում պետք է հրավիրի։ Կներեք էլի, մնում էր մի հատ էլ նախարարը պեչատը տար իրանց ձեռը, ասեր՝ հրամանները դուք կատարեք։ Էդ երբ որ պետք է լինում ապրիլյան պատերազմի տղաների կարծիքն, իրանք ասում են` կարևոր ա, հիմա հենց էդ միտինգավոր ուսանողների կարծիքի հետ համամիտ չեն...

«Ազատություն». - Չեն ասում՝ «կարևոր չի», ասում են՝ «մի հակադրեք մեզ»։

Շարմազանով. - Չենք հակադրում, կանչում ենք նույն դահլիճում, խոսենք։ Ի՞նչ է նշանակում՝ մի հակադրեք։ Եղբայր, եթե դու համամիտ ես, ուզում ես հարցերիդ պատասխանը ստանաս, արի, նստի, քննարկի։ Այստեղ կա նաև միտինգավոր ուսանողների մի ազնիվ խավ, որն ունի ինֆորմացիայի պակաս, և երբեմն ինձ թվում է, որ կան մարդիկ, ովքեր շահագրգռված չեն, որ, այո՛, այդ ուսանողները գնային և հանդիպեին։ Ինձ թվում է՝ իրենց մի մասը նույնիսկ օրենքը չի կարդացել, մարդիկ հարցեր ունեն չէ՞, հարցերի պատասխան պետք է ստանան չէ՞, դե թող գնան հարցերը տան, պատասխաները ստանան՝ և՛ նախարարից, և՛ Գլխավոր շտաբից, և՛ փոխնախարարներից, և՛ նաև ապրիլյան պատերազմի մասնակիցներից։ Եթե իրանք կմնան նույն կարծիքի, խնդիր չկա, բայց ինչո՞ւ չեն գնացել։

Հաշվի առնելով, որ իշխող Հանրապետականի խոսնակը համեմատություն անցկացրեց 90-ականների և այսօրվա միջև, շեշտելով, թե այսօր ազատությունների առումով իրավիճակն այլ է, Էդուարդ Շարմազանովին հարցրեցինք, թե ինչպես է գնահատում այն տեղեկություններ, որ Երևանի պետական համալսարանի ռեկտորատը դասախոսներին արգելել է հրապարակավ կարծիք հայտնել տարկետման իրավունքի փոփոխության մասին։ Նշենք, որ ԵՊՀ դասախոսներից Յուլյա Անտոնյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր նման հրահանգի մասին։

Շարմազանով. – Եթե դա ասում եք, կարող եք ասել, որ նաև այլ կարծիք էլ կա, այլ ահազանգեր էլ կան, որ դասախոսներ կան, ովքեր ուսանողներին ասում են՝ մի եկեք դասի, դա էլ կա։ Այսինքն՝ պետք չի միայն մեդալի մի կողմը նայել, ես չեմ կարող ասել լուրերի իսկությունը՝ ոչ Ձեր ասած լուրի իսկությունը, ոչ մեր, լուրեր կան։ Վատ է, որ դասախոսն իր պարտականությունը չի կատարում, ես էլ եմ դասախոս, դասախոսը ստանում է գումար գիտելիք փոխանցելու համար, այլ ոչ թե երեխաներին ուղղորդել դասի գալ, կամ չգալ։ Ուսանողների իրավունքն է՝ գնալ, թե չգնալ, միտինգ անել, թե չանել։

«Ազատություն». – Բայց դուք դատապարտում եք, որպեսզի դասախոսին ասեն՝ դու պետք լռես և կարծիք չհայտնես հակառակ դեպքում խնդիրներ կունենաս։

Շարմազանով. – Ինչը դատապարտում եմ, դուք շատ լավ գիտեք, ինչը չեմ դատապարտում, դա էլ լավ գիտեք։

«Ազատություն». – Դուք դասախոս եք, եթե Ձեզ ասեն, որ Դուք պետք է լռեք և օրենքի հետ կապված որևէ կարծիք չհայտնեք:

Շարմազանով. - Ինձ ոչ ոք չի կարող ասել՝ դուք պետք է լռեք, եթե լռությունը չի համապատասխանում օրենքին։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ի տարբերություն այսօրվա՝ 90-ականներին բուհերը կուսակցականացված չէին, տվյալ դեպքում հանրապետականացված, որ ուսանողական խորհուրդներն այսօրվա նման հիմնականում չէին ղեկավարվում իշխող ուժի անդամների կողմից, Էդուարդ Շարմազանովը նշում է՝ այդ փաստը պետք չէ այդքան ցավոտ ընդունել։

Շարմազանով. - Լավ են արել։ 18 տարին լրացած քաղաքացին իրավունք ունի լինել կուսակցական, թող ուրիշներն էլ լինեն, դա նույն բանն է, ոնց որ Դուք ինձ ասում եք՝ հիմա բոլոր համայնքապետերը հանրապետական են: Հիմա որ ընդդիմությունը չի մասնակցել՝ թող գնային մասնակցեին, եթե այդքան ուժեղ էին:

«Ազատություն»․ - Դուք էլ լավ պատկերացնում եք, որ եթե Հանրապետականը չլինի իշխանություն, ապա այդ ուսխորհուրդները նույնպես չեն լինելու հանրապետականացված:

Շարմազանով․ - Պետք չէ այդպես ցավոտ տանել՝ հանրապետական է, թե բարգավաճ: Մարդը ունի իր իրավունքները: Իսկ ո՞վ է ասել, որ հանրապետական լինելը վատ է: Հանրապետական լինելը դա կոչում է, հպարտություն է կոնկրետ ինձ համար: Եվ ամեն մեկն էլ չի կարող դառնալ հանրապետական:

Շարմազանովը հավելում է՝ պաշտպանության նախարարի առաջարկած զինծառայության մասին օրինագիծը բխում է Հայաստանի անվտանգության շահերից, այն բացարձակապես չի վնասելու կրթությանն ու գիտությանը, քանի որ Հայաստանի գիտությունը չի մնացել տարկետումից օգտվող մի քանի հարյուր ուսանողների հույսին: Դեռ հարց է՝ տարկետումից օգտվողն է ապագայում ավելի լավ մասնագետ դառնալու, թե՞ չօգտվողը: Բացի այն, որ ուսանողության մեծ մասը դեմ չէ զինծառայության մասին օրինագծին, Շարմազանովը նաև հիշեցնում է՝ օրինագիծը լայն աջակցություն է ստացել նաև քաղաքական ուժերի կողմից, առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ են քվեարկել ոչ միայն իշխող մեծամասնությունը՝ Հանրապետականն ու ՀՅ Դաշնակցությունը, այլև խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Ծառուկյան» խմբակցությունը:

Շարմազանով․ - Եվ ես կարծում եմ, որ դեմոկրատիան, այո՛, դա մեծամասնության իրավունքն է նախևառաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG