Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի բանակցությունները Սպիտակ տանը կմեկնարկեն մի քանի ժամից:
Թուրքական կառավարության ղեկավարը Վաշինգտոն է ժամանել դեռ երկու օր առաջ: Նախապես ենթադրվում էր, որ Յըլդըրըմի և Փենսի բանակցությունները կկայանան նոյեմբերի 7-ին, սակայն վերջին պահին ամերիկյան կողմը փոխեց հանդիպման օրը, քանի որ Տեքսասում տեղի ունեցած արյունալի հարձակումից հետո Մայք Փենսը ստիպված էր շտապ մեկնել այդ նահանգ` այնտեղ կազմակերպված ոգեկոչման արարողության ընթացքում ներկայացնելով ասիական շրջագայության մեջ գտնվող նախագահ Դոնալդ Թրամփին:
Այսօր կայանալիք բանակցությունների շեմին Թուրքիայի վարչապետը խոստովանեց, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները ճգնաժամային վիճակում են, և իր այցի գլխավոր նպատակը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների գոնե մի մասի հանգուցալուծումն է:
«Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա այդ վիճահարույց խնդիրների շուրջ որոշակի առաջընթաց ապահովելը` ահա այս այցի հիմնական նպատակը: Սխալ կլիներ, սակայն, Վաշինգտոնում ընթացող հանդիպումներից անհապաղ արդյունք ակնկալել: Մեր երկկողմ հարաբերությունները այսօր կատարյալ չեն, բայց մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Ես վստահ եմ, որ մեր ամերիկացի գործընկերները ևս գոհ չեն ստեղծված կացությունից: Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամքն առկա է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասնենք այդ նպատակին», - նշում էր Բինալի Յըլդըրըմը այցի շրջանակներում իրեն ուղեկցող թուրք լրագրողների հետ զրույցում:
Թուրքական լրատվամիջոցները խնդիրների բավական լայն շրջանակ են մատնանշում, որ տեղ է գտնելու այսօր կայանալիք Փենս-Յըլդըրըմ բանակցությունների օրակարգում: Անկարայի համար առանցքային կարևորություն ունի Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձնումը:
«Որևէ կասկած չկա, որ հենց Ֆեթուլահ Գյուլենն էր կանգնած 2016 թվականի հուլիսին ձեռնարկված անհաջող հեղաշրջման թիկունքում: Մենք ակնկալում ենք, որ ամերիկյան կողմը Գյուլենի դեմ իրավական քայլեր կձեռնարկի», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև ծագած «վիզային ճգնաժամին», ապա այն, ըստ Թուրքիայի վարչապետի, հանգուցալուծվելու է մոտ ապագայում: Շաբաթասկզբին Անկարան և Վաշինգտոնը արդեն իսկ մասնակիորեն վերսկսել են մուտքի վիզաների տրամադրումը: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը հայտարարում էր, որ այս փուլում Վաշինգտոնի առաջնահերթությունը բուժման, ուսման և մարդասիրական նպատակներով Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացողներին վիզաներ տրամադրելն է:
Թուրքական կողմը հույս ունի, որ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի համոզել ԱՄՆ իշխանություններին զերծ մնալ Սիրիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդական պաշտպանության ուժերի» հետ համագործակցությունից: Անկարայում համոզված են, որ Սիրիայում գործող այս խմբավորումը իրականում ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության մասնաճյուղերից մեկն է:
Ի դեպ, թուրքական լրատվամիջոցների ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը Բինալի Յըլդըրըմի ղեկավարած պատվիրակության անվտանգությունն այս օրերին ապահովում է ուժեղացված ռեժիմով: Մեկնաբանելով այդ հանգամանքը` թուրքական կառավարության ղեկավարը լրագրողներին ասել էր․ - «Ենթադրում եմ, որ մեր նախագահի` մայիսին կայացած այցի ընթացքում արձանագրված միջադեպերն են ձեռնարկված խիստ միջոցների պատճառը: Ամեն դեպքում, թուրքական կողմը ամերիկյան հատուկ ծառայություններին այցի ընթացքում անվտանգության խստացված միջոցներ սահմանելու խնդրանքով չի դիմել»:
Մայիսին, հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնազորի անդամները ծեծի էին ենթարկել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի առջև հավաքված ցուցարարներին: Այդ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործում Էրդողանի թիկնապահներից մի քանիսը որպես կասկածյալներ են ներգրավված, և նրանց հանդեպ ամերիկյան ոստիկանությունը հետախուզում է հայտարարել: