Մատչելիության հղումներ

ԱՎԾ ղեկավարը հորդորում է պարզել վարչապետից, թե նա ինչու է կասկածի տակ դնում հայաստանյան վիճակագրությունը


Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) նախագահ Ստեփան Մնացականյանը հորդորում է վարչապետից պարզել, թե հայ-ռուսական առևտրի վերաբերյալ ինչու պետք է հիմք ընդունել ռուսաստանյան տվյալները և կասկածի տակ առնել հայաստանյանը, ինչպես երկու շաբաթ առաջ Երևանում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի հետ հանդիպմանն արեց Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Ազատության» հարցին, թե ինչու է Կարեն Կարապետյանն այդպես վարվել Մնացականյանը կարճ պատասխանեց․ - «Այդ հարցը տվեք համապատասխան վարչապետներին»:

Մինչդեռ Մեդվեդևի երևանյան այցից անցել է մոտ երկու շաբաթ և ո՛չ Հայաստանի, ո՛չ Ռուսաստանի իշխանությունները դեռևս պաշտոնական պարզաբանում չէին ներկայացրել, թե նույն տնտեսական միության մեջ գտնվող երկու երկրների փոխադարձ առևտրի մասին տվյալները ինչու պետք է էապես տարբերվեն միմյանցից:

Հոկտեմբերի 24-ին ընդունելով Ռուսաստանի իր գործընկերոջը՝ վարչապետ Կարապետյանը հպարտությամբ ազդարարեց, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը անշեղորեն աճել է և այս տարվա «առաջին 8 ամսվա կտրվածքով մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով»:

Սակայն Ռուսաստանի վարչապետը հրապարակավ չհամաձայնեց այդ 23.5 տոկոսի հետ և հնչեցրեց իր թիվը՝ 2017 թվականի հունվարից օգոստոս հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և առաջարկեց հետագայի համար օգտագործել այդ ցուցանիշը:

Մեդվեդևը նոր էր ավարտել իր խոսքը, երբ Հայաստանի վարչապետը իսկույն ևեթ համաձայեց հիմք ընդունել ռուսաստանայան վիճակագրությունը, դեռ ավելին՝ հրապարակավ կասկածի տակ դրեց հայաստանյան վիճակագրության ճշմարտացիությունը:

Երկկողմ առևտրաշրջանառության մասին տարբեր թվեր հնչեցին նաև նախագահ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի՝ նույն օրը կայացած հանդիպմանը: Սարգսյանը կրկնեց 23.5 տոկոս թիվը, ինչին ի պատասխան Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը «նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 3տոկոս»:

Տվյալների տարբերության առնչությամբ Ստեփան Մնացականյանն ասաց․ - «Չեն կարող համընկնել, բայց վստահելի էր, որովհետև դա հենց Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից առաջադրվող մեթոդաբանության հիման վրա է: Օրինակ, արտահանումը մի երկրից մյուսը ՖՕԲ գնով է, այդ նույն ապրանքի ներմուծումը ընդունող երկրում ՍԻՖ գնով է․ արդեն տարբերություն է: Գոյություն ունեն նաև ժամանակային տարբերություններ: Օրինակ, արտահանումը արձանագրվում է դեկտեմբերի 31-ին, իսկ ներմուծումը հունվարին: Հաջորդը, ապրանք արտահանողը իր ապրանքը արտահանում է սեփականությունով: Նա ինչքան էլ հայտարարագրի, թե որ երկիր է արտահանում, ճանապարհին, եթե այլ լավ գնորդ կգտնի, այնտեղ կարտահանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG