Մատչելիության հղումներ

«Ուզո՞ւմ եք բոլորը ծառայեն, գրավիչ դարձրեք բանակը». Արարատ Միրզոյան


Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի համոզմամբ, տարեկան 100-ից 150 մարդ կարող են չգնալ զինծառայության և ունենալ հնարավորություն այլ ոլորտում ինքնադրսևորվելու։

Միրզոյանի խոսքով՝ այդ մարդիկ գուցե այդ ճանապարհով շատ ավելի մեծ ծառայություններ մատուցեն Հայաստանի Հանրապետությանը, քան բանակ գնալով։

«Ինչպիսի՞ Հայաստան ունենալու մասին է խոսակցությունը: Եվ շատ պրիմիտիվացնում են մարդիկ, գուցե միտումնավոր, երբ որ բերում են ծառայել-չծառայելու, խուսափելու կամ ինչ-որ դասալիքների, պիտակավորում են անում, երբ որ տեղափոխում են այս նեղ, էմոցիոնալ դաշտ։ Սա խնդիր է, թե ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում կառուցել՝ Հայաստան, որը զարգանում է գիտությա՞ն շնորհիվ, որը տեխնոլոգիանե՞ր է առաջարկում աշխարհին, թե՞՝ Հայաստան, որը զուտ կենտրոնացած է այս պահին եղածը պահպանելու վրա։ Մեր հիմնական փաստարկը հետևյալն է, որ բոլորը չի՝ տարեկան 100-150 մարդ կարող են չգնալ զինծառայության և ունենալ հնարավորություն այլ ոլորտում ինքնադրսևորվելու, և գուցե այդ ճանապարհով շատ ավելի մեծ ծառայություններ մատուցեն Հայաստանի Հանրապետությանը։ Իրենք ներկայացրել են և դարձրել են իմպերատիվ այս սիստեմը, երբ որ մարդ այլընտրանք չունի, նա ստիպված, եթե ցանկանում է սովորել, պիտի պայմանագիր կնքի, հետո երեք տարի ծառայի, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միրզոյանը։

Պատգամավորի խոսքով՝ սա պետք էր թողնել որպես ընտրության հնարավորություն, և շատ երիտասարդներ, Միրզոյանի համոզմամբ, իրենց կամքով կընտրեին այս տարբերակը։

«Բայց, այո՛, կարող է լինի քիմիկոս, որը միայն քիմիկոս է, նա զինվոր չէ, սպա չէ, չի ուզում սպա լինել։ Իրենք ասում են՝ «արդար է, որ բոլորը ծառայեն», իմանալով, որ իրենց զավակները, իրենց եղբորորդիները միևնույն է չեն ծառայելու, և մարդիկ, ովքեր առողջապահական խնդիրներով ազատվեն, միևնույն է ազատվելու են, ավելին՝ կգտնվեն ընտանիքներ, ովքեր իրենց երեխաներին փոքր ժամանակվանից Ռուսաստանի քաղաքացի կդարձնեն, և այլն։ Այսինքն՝ չի լուծվելու հարցը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, թե արդյոք օրենքը չի՞ նպաստի, որ շատ երիտասարդներ, պայմանագիր կնքելով, ի վերջո բանակում հայտնվեն, օրինակ, մոտ յոթ տարի հետո, սա չի՞ կրճատի զինվորների թիվը, Միրզոյանը պատասխանեց. - «Բայց ի վերջո հայտնվելու են։ Սակայն ես էլ դա նկատի ունեի, երբ որ ասում էի, որ սա պետք է լինի հնարավորություն, ոչ թե պարտադրանք։ Ինչ վերաբերում է թվին, ապա համենայն դեպս պաշտոնական մեկնաբանություններում և հայտարարություններում բոլորովին հակառակը՝ իրենք ասում են, որ պատճառների թվում թվակազմի խնդիր չկա բանակի։ Տարօրինակ էլ կլինի, որովհետև սրանով խոսքը տարեկան 100-ից 140, 150 մարդու մասին է։ Պատճառն, իրենց մեկնաբանությամբ, սոցիալական արդարության և կոռուպցիայի դեմ պայքարն է, սոցիալական արդարության հաստատումն է։ Սա, իհարկե, անհեթեթ է հնչում անգամ, որովհետև 100 չծառայողից 90-ը առողջապահական խնդիրներով են ազատվում, այ այդտեղ թող գտնեն լուծում, և երկրորդը՝ շատ հետաքրքիր բան՝ Իսրայելի օրինակն են բերում, կամ ասում են՝ «պետք է ծառայեն բոլորը», «ինչո՞ւ են խուսափում», բայց հակառակ ծայրից են սկսում՝ էլի պարտադրաբար։ Ուզո՞ւմ եք բոլորը ծառայեն, գրավիչ դարձրեք բանակը՝ ոչ-կանոնադրական հարաբերությունները վերացրեք, կենցաղային պայմանները կարգավորեք, սպաների կողմից չարաշահումները վերացրեք»։

Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG