Մատչելիության հղումներ

Կրթության նախարարը հանդիպեց դասադուլ հայտարարած ուսանողների հետ


Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար դասադուլ հայտարարած ուսանողներից մի քանիսի հետ այսօր հանդիպեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ վերահաստատելով իր դիրքորոշումը՝ զինծառայության հարցում պայմանները պետք է հավասար լինեն բոլորի համար:

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հայրենիքի ծառայության ուղղությամբ արտոնություն չի ունենալու», - հայտարարեց նախարարը:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով, հիշեցնենք, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Օրինագծին դեմ դուրս եկած երիտասարդները պնդում են, որ այս փոփոխությամբ խաթարվում է ուսման շարունակականությունը և բանակում ծառայելուց հետո շատ քչերն են շարունակում ուսումը ու գիտությամբ զբաղվում:

Մինչդեռ, կրթության նախարարի կարծիքով, գիտության զարգացումը տարկետման հետ կապված չէ, իսկ տարկետման հարցն արդեն քննարկելու անհրաժեշտություն էլ չկա:

«Մեր երիտասարդության 90 տոկոսը արդեն զորակոչվել է: Ինչո՞ւ եք մեզ ընդունել, եթե խնդիրը լուծված է: 4000 ուսանող ենք մենք ունենում, տարկետումը ստանում է 600 հոգի», - թվերը մեջբերեց Լևոն Մկրտչյանը:

Ազգային ժողովում օրինագծի քննարկումը հետաձգելու կարիք չկա, ասում է կրթության և գիտության նախարարը:

Արդեն երկրորդ օրը դասադուլ անող ուսանողները հայտարարեցին, որ ԵՊՀ որոշ ֆակուլտետների դռները փակվել են, ինչի հետևանքով, նրանց պնդմամբ, մյուս ուսանողները չեն կարողացել միանալ իրենց: Նրանք նախարարից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է դա պայմանավորված: Լևոն Մկրտչյանը հավաստիացրեց՝ բուհերում վախի մթնոլորտը բացառվում է:

Նախքան նախարարի հետ հանդիպումը ուսանողներն առավոտյան կրկին փողոց էին դուրս եկել:

Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Սաղաթելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը ևս միանում է դասադուլ անող իր ուսանողներին: - «Անվտանգության ծառայություն է, ինչ է․․․ չեմ հասկանում՝ ի՞նչ իրավունք ունեն դռներ փակելու և մարդկանց տեղաշարժը սահմանափակելու», - նշեց դասախոսը:

Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ չեն դադարեցնելու այս օրինագծի չեղարկման համար սկսած պայքարը: Նրանք վաղը ևս պատրաստվում են դասադուլ անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG