Խոսքի, հիշողության վերականգման դրական տեղաշարժներ են նկատվում։ Ավելի քան մեկուկես տարի առաջ վիրավորված Հովհաննեսի միակ ցանկությունն ամիսներ առաջ, ինչպես ինքն էր ասում, լավանալն է։ Այսօր արդեն կես կատակ, կես լուրջ ընկերուհի ունենալու մասին է մտածում․ - «Հայտարարում եմ՝ աղջիկ չկա»:
Մոր՝ Գայանե Ասատրյանի խոսքով՝ 6 ժամ տևած վիրահատությունից անմիջապես հետո տղան սկսել է խոսել․ - «Հենց խոսքը բացվել ա վիրահատարանում, ու դա մեզ համար մեծ աչքալուսանք էր»:
Մեկուկես տարվա դժվար ճանապարհը հաղթահարված է, առջևում վերականգնման երկարատև փուլն է․ - «Ես զգում էի, որ իմ էրեխեն պետք ա զարթնի: Մեծ փոփոխություն կա, բայց հլա դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու»:
22-ամյա զինվորի բուժման գործում, ըստ Գայանե Ասատրյանի, Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե որևէ դեր չի ունեցել։ Վիրահատության գումարն Առողջապահության նախարարությունն է փոխանցել, մինչև այսօր անհրաժեշտ դեղորայքի և այլ հոգսեր էլ բարերարներն են հոգացել․ - «500 հազար դրամները, որ բոլոր զինվորներին բաժանել են, էդ ա եղել ու վերջ․․․ Ես իրանցից գումար չեմ պահանջում, ոչ մի բան: Բայց մի անգամ թեկուզ չգան, զանգեն ասեն՝ Հովհաննեսի վիճակը ո՞նց ա, ո՞նց եք ապրում սոցիալապես»:
Նախարարության ապագա ծրագիրը, թե ապրիլյան պատերազմի վիրավորներին տներ կտրամադրեն իրենց ծննդավայրում, զինվորի մայրը խելամիտ չի համարում կոնկրետ իր որդու դեպքում․ - «Չենք կարա մենք Հովհաննեսին բուժենք Վանաձորում, չենք կարա քայլեր անենք դեպի առաջ, որովհետև իրա ամեն ինչը կապված ա Երևանի հետ»: