Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը վիճարկում է դասագրքերի համար գումար գանձելու սահմանադրականությունը


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության հարցը։

Ըստ օմբուդսմենի, «Կրթության մասին» օրենքը սահմանում է, որ անվճար դասագիրք են ստանում միայն 1-4 դասարանների աշակերտները, այնինչ մայր օրենքի 38-րդ հոդվածում սևով սպիտակի վրա գրված է, որ «պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է»:

Թաթոյանն այստեղ խնդիր է տեսնում․ դասագրքերը կրթության անբաժանելի մասն են, իսկ անվճար հանրակրթությունը երաշխավորված է Սահմանադրությամբ․ - «Մեր կարծիքով, այստեղ ունենք հակասահմանադրական դրույթ: Մեր Սահմանադրությունը կատեգորիկ է այս հարցում, և որևէ կանոն, անկախ հնարավորություններից, անկախ ընտանիքում երեխաների քանակից, չի նախատեսում: Հետևաբար պետք է լինի նաև հավասար վերաբերմունքը բոլորի համար»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հիմնավոր ուսումնասիրություն է կատարել։ Արդյունքում 16 էջից բաղկացած դիմումում ներկայացված է միջազգային փորձը, նախարարության պարզաբանումները, ուսուցիչների ու ծնողների հետ առանձնազրույցներից հատվածներ։ Թաթոյանի հայցում տեղ են գտել նաև տվյալներ 2010-17 թվականների ընթացքում դասագրքերի գների մասին, որոնք տարեցտարի միայն աճել են։

Օմբուդսմենը նաև նկատում է, որ գործող օրենքով խնդիր կա կարիքավոր խավերի աշակերտների գրքերի գումարների փոխհատուցման հարցում։ Թեև առկա է կառավարության համապատասխան որոշում, սակայն չկա հստակ չափորոշիչ․ - «Ցուցակները, թե ովքեր են համարվում սոցիալապես անապահով ընտանիքներ և ինչպես է դա որոշվում, դրանք թողնված են մանկավարժական և ծնողական խորհուրդներին: Բայց նախատեսված չի որևէ չափանիշ, թե ինչպես է որոշվելու՝ ովքե՞ր են այդ ընտանիքները, ովքե՞ր են ցուցակներում ներգրավվում»:

Դասագրքների գումարը զեղչելու համար արդեն մի քանի տարի դպրոցին է դիմում Լուսինե Բիլյանը։ Երկու երեխաների մայր է, նպաստառու է, բայց նրան արդեն տեղեկացրել են, որ այս տարի ստիպված է լինելու վճարել դասագրքերի գումարի կեսը։

«Ֆինանսական միջոցները քիչ են, դպրոցն այս տարի ամբողջական փոխհատուցում չի տրամադրելու: Ինչպես եմ վճարելու, չգիտեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բիլյանը: - «Դպրոցը զիջումների գնում էր, ուղղակի այս տարի մի քիչ խնդիրներ ա առաջացել, դրա համար կես գնով պետք է վճարենք․․․ կամ 3500, կամ 4000»:

Այն, որ Սահմանադրությամբ միջնակարգ կրթությունն անվճար է, Լուսինե Բիլյանը չգիտի: Բայց ասում է՝ թող նախարարությունը միջոցներ ձեռնարկի․ - «Լավ կլիներ, որ Կրթության նախարարությունը վերանայեին, բոլոր գրքերն էլ անվճար լինեին, որովհետև մենակ ես չեմ էս վիճակում, էլի մարդիկ կան»:

Վճարովի դասագրքերը խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացումը՝ շեշտում է նաև «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Բաթոյանը։ ՄԻՊ-ը հենց նրանց բարձրացրած բողոքի հիման վրա է դիմել Սահմանադրական դատարան։

Բաթոյանն ասում է, որ դասագիրքի համար վճարելը ծանր բեռ է հատկապես հաշմանդամ աշակերտ ունեցող ընտանիքների համար․ - «Հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների 51 տոկոսը աղքատության ցուցանիշում են, այսինքն նրանք ունեն լուրջ խնդիրներ նաև ֆինանսական առումով»:

Կրթության ու գիտության նախարարը տեղյակ է բարձրագույն ատյան հասած օմբուդսեմի հայցից։ Լևոն Մկրտչյանը, սակայն, նշում է, թե տարիների ընթացքում պետությունը թեթևացրել է ծնողի բեռն ու այժմ անվճար է տրամադրում 1-4 դասարանների դասագրքերը։ Նախարարի խոսքով, իրենք այս հարցում օգտվել են միջազգային փորձից․ - «Համաշխարհային բանկի կողմից այս ձևաչափը համարվել է օրինակելի, կիրառվում է եվրոպական և աշխարհի շատ երկրներում, որտեղ էլի կրթությունը պարտադիր է»:

Մինչդեռ օմբուդսմենի ուսումնասիրությունները միջազգային փորձի հարցում այլ պատկեր են արձանագրել։ Արման Թաթոյանը հետաքրքրվել ու պարզել է․ այն եվրոպական երկրներում, որտեղ սահմանադրությամբ երաշխավորված է անվճար միջնակարգ կրթությունը, դասագրքերն էլ են անվճար տրամադրվում․ - «Եթե ասում ենք՝ անվճար միջնակարգ կրթություն, ուրեմն դասագիրքը չի կարող վճարովի լինել: Հակառակ դեպքում այդ դրույթը անիմաստ է դառնում»:

Սահմանադրական դատարանի մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայցը արդեն հասել է դատարան, և այն վարույթ ընդունելու հարցը կորոշվի առաջիկա աշխատակարգային նիստի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG