Մատչելիության հղումներ

ԿԳ նախարարն ընդունել է դասադուլ անող ուսանողներին


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին, ովքեր երկու օր է դասադուլ են անում՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման։

Դասադուլավորները նշում են, որ դա կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Լևոն Մկրտչյանն առաջարկեց սկսել բովանդակային խնդրից, հետո քննարկել հետևանքները։

«Մենք հիմա նայում ենք գիտությունների թեկնածու ունեցող աստիճանով, որոնք ստացել են գիտությունների թեկնածու, վերջին 4-5 տարիներն ենք նայել, գիտության մեջ մնացածը ընդամենը 15-17 տոկոս է, որը միջազգային որևէ չափանիշի մեջ չէ։ Այսինքն՝ սա նշանակում է, որ մենք հիմա, ես՝ որպես կրթության նախարար, այստեղ կոռուպցիոն շատ մեծ ռիսկ ենք կուտակել։ Հիմա սա մի խնդիրն է, երկրորդը՝ մյուս մեծ ռիսկը, որի մասին ուզում եմ խոսել, ավելի ներքևի աստիճանի վրա է՝ պատկերացրեք, կուրսում 20 երեխա են գալիս ընդունվում՝ տղա, 20-ից 16-ը զորակոչվում են բանակ, չորսը չեն զորակոչվում, որովհետև ընդունելության քննությունների ժամանակ մեկ, կես միավորի տարբերություն է եղել, բացի ռիսկից այստեղ նաև կա սոցիալական արդարության սկզբունք, այն երիտասարդները, ովքեր այսօր խրամատներում են՝ ձեր կուրսեցիները, նրանք էլ կարող են գիտնական դառնալ»,- ասաց Մկրտչյանը։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանը հակադարձեց՝ նշելով, որ նախարարն ինքը բովանդակային քննարկումներից անցավ հետևանքների քննարկմանը։ «Ձեր բերած բոլոր թեզերը հետևանք են, որ այս համակարգում ինչ-որ բան սխալ է աշխատում։ Կես միավոր, սոցիալական արդարություն, կոռուպցիոն ռիսկեր... որովհետև ինչ-որ մարդիկ իրենց տեղում չեն, գումար են վերցնում, կես միավորի տարբերություն է տալիս, իսկ հնարավոր չէ՞ քննությունների ընթացակարգն այնպես մշակել, որ այդ կես միավորն իրապես գիտելիք արտահայտի», - ասաց նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։

Նշենք, որ քննարկումները նախարարի հետ դեռ շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG