Մատչելիության հղումներ

Զինկոմի պատասխանը Փաշինյանին. Վիգեն Սարգսյանն օգտվել է տարկետումից՝ համաձայն օրենքի, ապա՝ զորակոչվել


Հայաստանի զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը պատասխանել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի զինվորական ծառայության վերաբերյալ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանի՝ «Ազատության»-ը ուղարկած զինկոմիսարի պատասխան-նամակում մասնավորապես նշված է, որ «Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության՝ նշանակվելով պաշտպանության նախարարի վարչական ապարատի կազմակերպչական ապահովման բաժնի ռեֆերենտի պաշտոնում։ Իսկ մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը Վիգեն Սարգսյանն օգտվել է կրթությունը շարունակելու համար տարկետումից՝ համաձայն այդ ժամանակ գործող օրենքի»։

Հենրիկ Մուրադյանը, վկայակոչելով այդ ժամանակ գործող «Զինված ուժերի սպայական կազմի զինվորական ծառայության անցնելու մասին կանոնակարգը», նշել է, որ «Վիգեն Սարգսյանը 2000 թվականին որակավորվել է որպես պահեստազորի սպա և ստացել պահեստի սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում»։

Զինկոմիսարը նաև հայտնել է, որ այդ տարիներին տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերն արդեն 2005 թվականին ոչնչացվել են՝ սահմանված ժամկետը լրացած լինելու համար։ «Այդ իսկ պատճառով Պաշտպանության նախարարի համաձայնությամբ, «Ելք»-ին են ուղարկվել պահեստազորի սպայի անձնական գործում առկա ուսումնական հաստատությունների փաստաթղթերի պատճենները», - պատասխան նամակում գրել է Հայաստանի զինկոմիսարը։

Հիշեցնենք՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը անցած շաբաթ դիմել էր Հայաստանի զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին 1993-ից մինչև 2000 թվականները պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար։ Փաշինյանի համոզմամբ, Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել Զինված ուժերում, բավարար չեն:

Վիգեն Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ իր կենսագրությունում չեն եղել բանակից խուսափելու դրվագներ. 1992 թվականին 17 տարեկանում ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, զուգահեռ հեռակա սովորել է նաև Սանկտ Պետերբուրգի պետական կառավարման ակադեմիայում, օգտվել է տարկետման իր իրավունքից։ «Օրենքով սահմանված կարգով ես ծառայել եմ Զինված ուժերում, որով շատ հպարտ եմ», - ասել էր նախարարը:

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ զինկոմիսարի նամակը դեռևս չի ստացել։​

XS
SM
MD
LG